Փաշինյանն ԱԺ-ում հրապարակեց գաղտնի գրիֆ ունեցող նամակի բովանդակությունը

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Հարցս հայ-ռուսական հարաբերություններին է վերաբերում, որոշների գնահատմամբ՝ դրա բացակայության կամ, խոսակցական լեզվով ասած՝ փչացվածության մասին: Մեր իշխանության գալու առաջին օրվանից մեզ սկսեցին մեղադրել, որ մենք փչացնում ենք հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, մեր եղբայրական Ռուսաստանի հետ, և ցանկացած իրավիճակում, երբ հայ հասարակությունն ակնկալիք ուներ, որ նման իրավիճակներում Ռուսաստանը մեզ պետք է աջակցի և տեսնում է դրա բացակայությունը, հնչում է  այդ մեղադրանքը, որ դրա մեղավորը մենք ենք՝ տպավորություն ստեղծելով մարդկանց մոտ, որ կարծես թե ՀԱՊԿ-ի ուժերը Էրեբունի ռազմական օդանավակայանում  ուր որ է վայրէջք է կատարում, բայց մենք ենք մեղավոր, որ չեղավ այդպիսի բան, կամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների խումբը քարտեզները ձեռքին աշխատում էր, բայց մենք ենք մեղավոր, որ փչացրել ենք:

Իհարկե, Հայաստանը ժողովդրավարական պետություն է, և ցանկացած կարծիք, այդ թվում՝ ոչ խելամիտ, գոյության իրավունք ունի: Հիմա ես փորձեմ այդ մարդկանց տեսակետով ձեզ հարցնել, դուք ունե՞ք այդ տեսակետին հակափաստարկ՝ ո՞վ և ի՞նչը փչացրեց հայ-ռուսական հարաբերություններում, և արդյոք դուք կարծո՞ւմ եք, որ դրանք փչացած են»:

Ի պատասխան իշխանական պատգամավորի հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

Կարդացեք նաև

«Դուք խոսեցիք փաստարկի մասին, ես կխոսեմ փաստի մասին: Պարոն Ալեքսանյանը երբ հարցնում էր Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի պնդումների մասին, եթե չեմ սխալվում՝ ամենաշատն իրենք են օգտագործում այդ փաստարկը, որ մեր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են: Ինչո՞վ են փչացել, բայց, եթե փչացել է, կամ փչանալու մասին են խոսում, ես ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել:

Բա իրենք տենց լավ հարաբերություն պահող էին, էդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011 թե 2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք  կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում, միևնույն ժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը: Եվ ես դա չեմ ասում, որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ ժամանակին՝ 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է՝ հույժ գաղտնի գրիֆի ներքո, և այն քիչ պահպանված փաստաթղթերից է, որի մասին  կարծես թե… այսպես ասած Փթթելու արտահայտություն: Ի՞նչ արեցին, թող պարզաբանեն: Էդ ո՞նց էր, որ երկար ժամանակ այդպիսի գործարք չկար, մեկ էլ էն իշխանության օրոք, որը մեզ մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելու մեջ, էդ իշխանության օրոք առաջին անգամ բազմամիլիարդանոց դոլարի պայմանագիր կնքվեց մեր ռազմավարական դաշնակցի և Սդրբեջանի միջև: Բա ասում են՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պրոբլեմներ առաջացրեցինք, բա  դա ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմն ա, ո՞նց առաջացրեցին իրենք այդ պրոբլեմը, թող պատասխանեն:

Իսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ մենք, կարծում եմ՝ դուք այդ հարաբերությունների և՛ դինամիկան եք տեսնում, և՛ տեսնում եք այն խնդիրները, որոնք կան, և մենք երբեք էլ ոչ մի նյուանս ոչ ուզում ենք, ոչ էլ ճիշտ է, ազնիվ է այդ նյուանսները թաքցնել, չնայած այնպես չի, նաև բազմաթիվ աշխատանքային քննարկումներ կան, նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային են, թափանցիկ են, և իմ կարծիքով՝ լեգիտիմ է և արդարացված»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս