«Մեր աշխատանքը չենք հաջողել». Փաշինյանը՝ հայ գերիների վերադարձի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների վերաբերյալ, որոնց ծնողները երեկ հերթական անգամ փակել էին Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:
Փաշինյանը հարցին ի պատասխան՝ նախ նշեց, որ այդ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է.
«Բայց նաև մենք գիտենք, որ պրոբլեմը, որի մասին խոսում ենք, պետք է չլիներ, որովհետև եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է, ընդ որում, ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն՝ ամենատարբեր իրավաբանական ձևակերպումներն օգտագործելով, բայց դա ընդհանրապես մեկնաբանության հարց չի, որովհետև եռակողմ հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլև պատանդների և այլ պահվող անձանց մասին:
Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և մենք ըստ էության պետք է շարունակենք հետևողականորեն մեր ջանքերը, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար:
Կառավարությունն իր կողմից փորձում է գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում՝ գերեվարված մեր եղբայրների ընտանիքների հոգսերն ինչ-որ ձևով թեթևացնելու համար, բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մենք մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում