Անդրանիկ Քոչարյանի վտանգավոր հայտարարությունը

Civic.amին տված հարցազրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է վերջերս Սիսիանում ադրբեջանցիների հայտնվելու փաստին, որոնցից միայն մեկին են դեռ հայտնաբերել:

Նա միամտություն է համարել միայն այն վարկածի դիտարկումը, թե ադրբեջանցիները մոլորվել են: Իսկ ավելի վաղ լրագրողներից մեկի հարցերին պատասխանելիս՝ Անդրանիկ Քոչարյանն ակնարկել էր, թե դեռ պետք է պարզել՝ ադրբեջանցի զինվորները Հայաստանի տարածք են մտել ինչ-որ գործողություն անելո՞ւ համար, թե՞ փախել են զորամասից:

Իսկ Civic.am-ին տված հարցազրույցում իշխանական պատգամավորը նշել է, որ ադրբեջանցիները զինվորականներ են և կարող են իրենք կապի դուրս գալ ՀՀ ուժային կառույցների հետ:

Քոչարյանը լավագույն լուծում է համարել Սիսիան մտած ադրբեջանցիների փոխանակումը հայ գերու կամ գերիների հետ:

Կարդացեք նաև

Հակադարձմանը՝ արդյո՞ք վտանգ չկա այս դեպքում, որ երբ մերոնք մոլորվեն, իսկ նման դեպքեր եղել են, Ադրբեջանը չվերադարձնի մեր մոլորված զինծառայողներին, ինչին Անդրանիկ Քոչարյանը բառացի պատասխանել է.

«Մեր զինվորականները երբեք չպետք է մոլորվեն, պետք է բացառվեն այդպիսի դեպքերը: Շատ դեպքերում չեն մոլորվում, շատ դեպքերում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ լքում են զորամասը և գնում են, հետո փորձ են անում այդ ճանապարհով հայտնվել 3-րդ երկրում: Այդպիսի դեպքեր եղել են մեր կողմից, երբ զինվորականները գնացել և հայտնվել են նրանց մոտ»:

Ասվածից մի քանի հարց է ծագում

Նախ, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը արդյոք տիրապետո՞ւմ է վիճակագրության, երբ հայ զինվորականները ավելի շատ լքել են զորամասը, քան թե մոլորվել, և այն էլ՝ երրորդ երկիր տեղափոխվելու մտադրությամբ:

Երկրորդ, արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ մեր բանակում այնպիսի պայմաններ են, որ զինծառայողները նախընտրում են լքել հայկական զորամասի տարածքը և հայտնվել թշնամու վերահսկողության ներքո՝ երրորդ երկիր տեղափոխվելու հեռահար նպատակով:

Երրորդ, Անդրանիկ Քոչարյանը կարո՞ղ է ասել՝ 3-րդ երկիր տեղափոխվելու մտադրություն ունեցող քանի դեպք կամ ցանկություն հայտնող է եղել Բաքվում պահվող մեր գերիներից, քանի որ նման որևէ գործընթացի մասին հրապարակային ոչ մի տեղեկություն չկա, և, մասնավորապես, 44-օրյա պատերազմից հետո մեր գերիները կամ դատապարտվել են Բաքվում, կամ սպանվել, կամ ականապատ տարածքների քարտեզների դիմաց վերադարձվել են:

Չորրորդ, Անդրանիկ Քոչարյանը, որ հստակ պահանջում է՝ հայ զինվորականները չպետք է մոլորվեն, միգուցե ասի՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, այսօրվա դիրքերի, բնագծերի, մարտական հերթապահության համար  ստեղծված  պայմաններում և հատկապես ձմռանը, հնարավո՞ր է առհասարակ չմոլորվել և չհայտնվել թշնամական վերահսկողության տակ:

Հինգերորդ, իշխանական պատգամավորը չի՞ հիշում, թե ինչպես են հայ զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում գերի վերցվել, երբ չկրակելու հրաման էր տրված, հենց 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումների ժամանակ:

Վեցերորդ, Անդրանիկ Քոչարյանը չի՞ լսել Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց առևանգումների մասին՝ չեզոք գոտուց:

Յոթերորդ, իշխանական պատգամավորը, թերևս, չի լսել ադրբեջանցի զինվորականների՝ զորամասը ինքնակամ լքելու, ինչպես նաև քաղաքացիական անձանց հայկական կողմ անցնելու մասին, որոշ դեպքերում՝ 3-րդ երկիր տեղափոխվելու մտադրությամբ:

Այս շարքը կարող եմ շարունակել՝ որպես երկար տարիներ գերիների փոխանակման և հանձնման դեպքերը լուսաբանած լրագրող:

Իհարկե չենք բացառում, որ հայկական բանակի զորամասն ինքնակամ լքելու դեպքեր եղել են, բայց կարծում ենք՝ ժամանակին պաշտպանության փոխնախարար, այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է լավ իմանա, որ նման դեպքերի մասին խոսելիս շատ ավելի զգույշ պետք է լինել, նախ՝ բանակի հեղինակությանը չվնասելու, և երկրորդ՝ հերթական շահարկման համար թշնամուն առիթ չտալու համար:

Տեսանյութեր

Լրահոս