
«44-օրյայի ժամանակ վիրավորվել էր, հրաշքով փրկվել». Տեղ գյուղում զոհված 26-ամյա Հենրիկը Վայքից էր, ընտանիքի ավագ որդին

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված Հենրիկ Վաչագանի Քոչարյանը Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր 1 քույր և 1 եղբայր ունի:
«Քույրը 17 տարեկան է, եղբայրը՝ 11: Համեստ, շնորհքով, աշխատող ընտանիք են: Հենրիկը շատ հավասարակշռված, հայրենասեր տղա էր, մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է ամենաթեժ կետերում, հրաշքով փրկվել, վերադարձել էր տուն, Պատերազմի ժամանակ վիրավոր ընկերոջն օգնության էր հասել, կրակի տակից հանել ու վիրավորվել, բայց ապաքինվել էր ու նորից ծառայության անցել: Ինքը սպեցնազում էր ծառայում, էս վերջում լեյտենանտի կոչում էին շնորհել: Տեղ գյուղի ուղղությամբ վերջին զարգացումներից հետո այդ հատվածն էր գնացել պաշտպանելու: 44-օրյային հրաշքով փրկվեց, բայց ցավոք…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը:
Վայքի համայնքապետը մեզ հետ զրույցի պահին զոհված զինծառայողի տանն էր, ասաց՝ սպասում են, որ Հենրիկի մարմինը Սյունիքից տեղափոխեն Եղեգնաձորի դիահերձարան:
«Հենց հիմա իրենց տանն եմ, ծնողների հետ քննարկում ենք, թե հուղարկավորությունը երբ լինի` վա՞ղը, թե՞ մյուս օրը: Դեռ վերջնական չեն որոշել: Ընտանիքը մինչև հիմա վարձով է ապրում…
Բոլորս շատ ծանր ենք տարել մեր Հենրիկի մահը, ամբողջ Վայքը սգում է»,- ասաց Մխիթար Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ թշնամին ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակ էր բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: