Իրանի շուրջ հնարավոր զարգացումները հետին պլան են մղել հայ-ադրբեջանական ու Ղարաբաղյան օրակարգերը. Տարասով

Հայ-ռուսական խնդրահարույց, մինչև անգամ ճգնաժամային հարաբերությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին հերթական անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը:

«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում:

Գրեթե նույնական էր ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը՝ մի քանի նրբություններով: Նշվել էր, որ հեռախոսազանգը նախաձեռնել է հայկական կողմը, ինչպես նաև արձանագրվել էր, որ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններում ակտուալ թեմաները: Փաշինյան-Պուտին նախորդ հեռախոսազրույցը կայացել էր մարտի 13-ին, և կրկին հեռախոսազանգը նախաձեռնել էր հայկական կողմը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այն ֆոնին, երբ Հայաստանն իր համար արտաքին քաղաքական այլ գործընկերներ է ընտրել Արևմուտքում, այս հեռախոսազանգերը կրում են պարզապես բարձրաստիճան շփումները կտրուկ չդադարեցնելու և որոշակի երկխոսություն պահպանելու նպատակ:

Նրա գնահատմամբ, հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս առկա մակարդակը, հարաբերությունները որակը չափազանց վատն է Երևանի ջանքերի և միակողմանի ակնկալիքների պատճառով:

«Այս հեռախոսազանգերը, վստահ եմ, որևէ լուրջ հարց չեն լուծում այս հարաբերությունների համար, այլ կրում են հերթապահ բնույթ, բովանդակային քննարկումներ Երևանը վարում է ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, սա փաստ է:

Սակայն անվտանգության հետ կապված բոլոր բողոքներն ուղղվում են Մոսկվային նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ-ում ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ դիտորդներ են:

Այս դեպքում նույնիսկ հասկանալի չէ, թե ինչ են ցանկանում Ռուսաստանից: Սրանք շատ փոքր թեմաներ են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է Հարավային Կովկասում իրանական ուղղությամբ: Դա ամենաթեժ ուղղությունն է, և հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, ինչպես նաև Ղարաբաղյան թեմաները դառնում են երկրորդ-երրորդական, քանի որ Իրանը դառնում է որոշիչ գործոն և Իրանի շուրջ զարգացումներն են կանխորոշելու զարգացումներն այլ ուղղությամբ և հատկապես հայ-ադրբեջանական ու Ղարաբաղյան: Հենց այդ պատճառով ադրբեջանական մեդիադաշտում գրվում է ոչ այնքան Երևանի, որքան Թեհրանի մասին»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով, հետաքրքիր են զարգացումները Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ:

«Ստացվում է, որ պատերազմից երկու տարի անց այդ ուղղությամբ չկա որևէ առաջընթաց: Երևանին հաջողվել է գործընթացը տեղափոխել Արևմուտք, և դեռ չկա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնեց այդ խաղին:

Սակայն կրկնեմ, որ այս ամենի կարևորությունը նվազել է Իրանի շուրջ հնարավոր զարգացումների կոնտեքստում, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը վերադարձել է Հարավային Կովկասում իր պատմական դերակատարությանը, որը, բնականաբար, խնդրահարույց է շատ կենտրոնների համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս