«2 ամիս առաջ ասել եք բաներ, որոնք հերքվել են, ո՞րն է երաշխիքը, որ հիմա Ձեր ասածները հետո չեն հերքվի». Տիգրան Աբրահամյանը՝ Գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր եկել է Ազգային ժողով, որպեսզի միջնորդություն ներկայացնի Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Գլխավոր դատախազին հիշեցրեց, որ ուղիղ 2 ամիս առաջ նմանատիպ միջնորդություն ներկայացնելու համար նա կանգնած էր ԱԺ ամբիոնի մոտ և, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին, մի շարք իրավաբանական պնդումներ ներկայացրեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ, որոնք հետագայում հերքվեցին, ապա հարց ուղղեց նրան.
«Օրինակ, այն, որ իբր վերջինս զորամասը վեր է ածել գումարի, գրավադրման արդյունքում ստացվել է 18 միլիոն դրամ, կամ՝ որ տվյալ անշարժ գույքը դեռևս գտնվում է գրավի տակ ու էլի նմանօրինակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր: Սակայն հետագայում պարզվեց, որ ձեր կողմից ներկայացված այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, տվյալ գույքը որպես զորամաս չի՛ օգտագործվել, 18 միլիոն դրամ չի՛ ստացվել, իսկ գույքն էլ գրավի առարկա չի՛ հանդիսանում: Աղբյուրը փաստաբանների ներկայացրած փաստաթղթերն են:
Հիմա դուք ներկայացրեցիք Մհեր Սահակյանի վերաբերյալ միջնորդագիրը ու էլի մի շարք պնդումներ կատարեցիք:
Հիմա հարցս, ինչո՞ւ էիք 2 ամիս առաջ իրականությանը չհամապատասխանող պնդումներ անում, և ի՞նչ երաշխիք, վստահություն պետք է ունենա հանրությունը, որ Մհեր Սահակյանի մասին ձեր այսօրվա պնդումները ևս հետագայում չեն հերքվի»:
Ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն ասաց.
«Երբ ես 18 միլիոնի մասին խոսում էի, ես նշում էի կադաստրային արժեքի մասին, այդ պահի դրությամբ դեռևս ստացված չէր փորձաքննության եզրակացությունը: Եթե տեղյակ եք՝ արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել և պատճառված վնասը՝ գույքի իրական արժեքը, որը մեղսագրվել է անձին, ոչ թե 18 միլիոն դրամ է, այլ՝ 100: Այո, ես սխալվել եմ, ես ավելի փոքր թիվ եմ նշել, այդ պահին նաև մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով, որովհետև կադաստրային արժեքով ենք հաշվել:
Բացի այդ, բանկային գաղտնիքի վերաբերյալ տվյալները մենք ստացել ենք Գրիգորի Խաչատուրովին կարգավիճակ տալուց հետո, մինչ այդ, բնականաբար, բանկային գաղտնիքը հասանելի չի եղել վարույթն իրականացնող մարմնին և բանկային գաղտնիք հանդիսացող տվյալը՝ արդյոք անձին պատկանող գույքը գտնվո՞ւմ է գրավի տակ, թե՞ ոչ, այդ պահին օբյեկտիվորեն հասանելի լինել չէր կարող, հասանելի էին այն տվյալները, որոնք առկա էին միջնորդություն ներկայացնելու պահին: Այս պահին ասեմ, որ գույքն արգելադրվա՛ծ է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում