Նեթանյահուն պաշտպանության նախարարին վերականգնել է իր պաշտոնում, իսկ վերջին բախումների համար մեղադրել է ընդդիմությանը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան ուղերձում հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին իր պաշտոնում վերականգնելու մասին: Նեթանյահուն նման հայտարարություն է արել աճող հասարակական զայրույթի և մի քանի ուղղություններից իրականացված հարձակումների պայմաններում:
Նեթանյահուն Յոավ Գալանտին աշխատանքից ազատել էր երկու շաբաթ առաջ: Դրա պատճառ էր դարձել այն, որ Գալանտը հրապարակայնորեն կոչ էր արել սառեցնել դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը:
Իսրայելի ժողովրդին ուղղված ելույթում Նեթանյահուն նաև մեղադրել է ընդդիմությանը և նախորդ կառավարությանը վերջին օրերին Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծության, ինչպես նաև պաղեստինյան մի շարք մահացու հարձակումների համար: Նեթանյահուի պնդմամբ՝ նախկին կառավարությունը թուլություն է ցուցաբերել՝ համարձակություն տալով Իսրայելի թշնամիներին:
Նա նաև նշել է, որ Իսրայելի թշնամիներին խրախուսել են բանակի պահեստային զինծառայողների նախազգուշացումներն այն մասին, որ իրենք կհրաժարվեն ծառայել, եթե կառավարությունն առաջ տանի դատական բարեփոխումների ծրագիրը: Դատական բարեփոխումների օրինագիծը զանգվածային ցույցերի պատճառով կասեցվել է:
Նեթանյահուի նախորդներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը դատապարտել են նրա պնդումները: Բենեթը երկրի վարչապետի ելույթն անվանել է ամոթալի, իսկ Լապիդը կոչ է արել նրան «վերջ տալ նվնվալուն և պատասխանատվություն ստանձնել»:
Իսրայելի վարչապետի մամուլի ասուլիսի նախօրեին հրապարակվել էին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ եթե այս պահին ընտրություններ անցկացվեին, ապա Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում կստանար ընդամենը 20 տեղ, մինչդեռ 2022 թ.-ի նոյեմբերին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը ստացել էր 32 տեղ: