«Դուք ընդունո՞ւմ եք, որ Փաշինյանի ասած ամենավարկաբեկված ինստիտուտում՝ ՍԴ-ում եք աշխատել». Գեղամ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Ազգային ժողովը հերթական քառօրյան է գումարել, որի օրակարգում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով իշխանության ՄԻՊ թեկնածու Անահիտ Մինասյանին՝ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները Սահմանադրական դատարանի հասցեին, այն դատարանի, որտեղ տարիներ շարունակ աշխատել է Մանասյանը, ապա հարց ուղղեց.
«Վերջին 4 տարիներին ԱԺ ամբիոնից ամենածայրահեղ արտահայտություններն են հնչել՝ Հայաստանում տարիներ շարունակ Սահմանադրական դատարանի գործունեության մասին: Մեկ մեջբերում՝ «Սահմանադրական դատարանը ձեզ հայտնի հանգամանքների բերումով ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է», 2020 թվական, Նիկոլ Փաշինյան:
2013 թվականից դուք տևական ժամանակ աշխատել եք Սահմանադրական դատարանում՝ որպես դատարանի նախագահի խորհրդական, որպես նախագահի ավագ խորհրդական, հետո՝ Սահմանադրական դատարանի խորհրդական մինչև 2018 թվական մարտ:
Հարցս հետևյալն է, արդյո՞ք դուք աշխատել եք Հայաստանի ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկում և եղել եք խորհրդական տարիներ շարունակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մոտ»:
Անահիտ Մանասյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, նշեց, որ ինքն ի սկզբանե է ասել, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում.
«Հետևաբար՝ ընդամենը կներկայացնեմ իմ տեսակետը Սահմանադրական դատարանի գործունեության առնչությամբ: Որպես հանրային պաշտոնյա և ՍԴ-ում աշխատած անձ՝ էթիկապես կոռեկտ չեմ համարի պետական այլ հաստատությունների վերաբերյալ որևէ տեսակետներ հնչեցնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես քաղաքական գործիչ չեմ և սիմվոլիզմին շատ մեծ դերակատարություն եմ հատկացնում:
Կարծում եմ, թե ես, թե իմ գործընկերները ՍԴ գործունեության շրջանակներում փորձել են մշակել այնպիսի ավանդույթներ և համակարգ, որը հնարավորություն կտար պատշաճ մակարդակով իրականացնելու սահմանադրական արդարադատություն: Միանշանա՛կ է, որ Հայաստանում, գրեթե բոլոր պետական մարմինների շրջանակներում մենք մշտապես ունեցել ենք խնդիրներ, սա անհնար է չարձանագրել: Սակայն մի անգամ էլ շեշտադրեմ, որևէ պետական մարմնի առնչությամբ՝ անձամբ իմ կողմից՝ որպես հանրային պաշտոնյա և որպես ՄԻՊ հնարավոր պաշտոնավարող, թեկնածու, որը կարող է հետագայում պաշտոնավարել, այս պարագայում պետական մարմինների առնչությամբ այլ տեսակի դիրքորոշումներ, բնականաբար, չեմ ներկայացնի…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում