Լայնածավալ պատերազմ չի լինի, բայց սողացող պատերազմը կշարունակվի. Փորձագետները համամիտ են «Ստրատֆոր»-ի կանխատեսումների հետ

Մինչ ՀՀ իշխանությունները խոսում են ռազմական էսկալացիայի վտանգի մասին, միջադեպեր են արձանագրվում հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի վերլուծաբանները գտնում են, որ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա:

Օրերս այս կենտրոնի փորձագետների պատրաստած զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանը նման լայնամասշտաբ գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարով, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։

«Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, ավելի հավանական է, որ Ադրբեջանը կդիմի հրադադարի փոքր մասշտաբների խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելու կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 2020-ի նոյեմբերի հրադադարի ստորագրումից հետո Բաքուն բազմիցս կիրառել է այդ ռազմավարությունը՝ ստիպողաբար առաջ մղելով դիվանագիտական գործընթացը, միաժամանակ ցուցադրելով ու մեծացնելով իր ազդեցության լծակները։ Ավելին, ըստ արևմտյան վերլուծաբանների, լայնածավալ ռազմական գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանին Ադրբեջանը դժվար թե սկսի, որովհետև ավելի քիչ ծախսատար մեթոդները Բաքվին կարող են հնարավորություն տալ պահպանելու առաջընթացն իր նպատակներին հասնելու համար։

«Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերն առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ, եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանյովրները նաև մեծացնում են Ադրեջանի կառավարության բանակցային դիրքերը»,- նշում են «Ստրատֆորի» վերլուծաբանները՝ նկատելով, որ այդ ռազմավարությունն Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը՝ առանց Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելու և առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավական է՝ նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։

«Ստրատֆորի» համաձայն, չնայած Հայաստանը ջանքեր է գործադրում ընթացիկ նորմալացման գործընթացի միջոցով բարելավելու հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, նույնիսկ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ շատ քիչ հավանականություն կա, որ Երևանը կարողանա հասնել մի այնպիսի արտաքին գործընկերության, որը լրջորեն խանգարի Ադրբեջանին հասնելու իր նպատակներին, ինչը ևս մեկ հանգամանք է համարվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան լայնածավալ ներխուժման հրատապ անհրաժեշտություն չի տեսնում։

«Ստրատֆորը» գտնում է, որ Թեհրանը կշարունակի Ադրբեջանին զսպելու գործողությունները՝ պահպանելով երկու երկրների միջև առանց այդ էլ բարձր լարվածությունը։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերլուծությունն ունի օբյեկտիվության բաղադրիչ, ավելին՝ այն արտացոլում է Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրադրությունը, երբ չկա հաստատված խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, չկա նաև լայնածավալ պատերազմ: Սակայն, ըստ նրա, կան միջադեպեր, ուժի գործադրման բաղադրիչ և աշխարհաքաղաքական աննախադեպ իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները չափազանց քիչ են կարողանում ազդել այս իրավիճակի վրա, պայմանավորված ավելի լայն առումով աշխարհում ստեղծված իրավիճակով:

«Արտաքին հիմնական խաղացողները՝ Ռուսաստանն ու Արևմուտքը (չխոսենք ռեգիոնալ տերությունների մասին), ներգրավված են ուկրաինական պատերազմում, և բոլոր այլ ռեգիոնները տարբեր թելերով կախվել են այս իրավիճակից՝ հայտնվելով մի անորոշ ու անկայուն փուլում: Հարավային Կովկասի դեպքում սա կանխատեսելի իրավիճակ էր՝ հաշվի առնելով հակամարտության պատմությունը, վերջին պատերազմն ու դրա արդյունքները, հետպատերազմյան չկարգավորված փուլը ու արդեն այս ամենին գումարված՝ աշխարհաքաղաքական մեծ անկայունությունը, որը կարող է տարիներ տևել»,- ասաց վերլուծաբանը՝ ակնարկելով և արձանագրելով, որ իրավիճակը հօգուտ Հայաստանի Հանրապետության չէ:

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր քայլերին, ապա, վերլուծաբանի գնահատմամբ, Իրանի հնարավոր արձագանքը կախված է այն սցենարներից, որոնք կծավալվեն կամ չեն ծավալվի:

«Իմ տպավորությամբ, երկու կողմից՝ Իրան-Ադրբեջան, հարթությունում կա փոխզսպման ռազմավարություն և ոչ այնքան՝ պատերազմելու ցանկություն, քանի որ բոլոր կողմերն են հասկանում դրա վտանգավորության աստիճանը՝ ամեն կերպ խուսափելով ուղիղ ռազմական առճակատումից: Սակայն ռազմական կոնտինգենտի կուտակումն ինքնին չափազանց վտանգավոր նշան է, որի առկայությունն արդեն իսկ մի ծանրակշիռ քարտ է, որպեսզի չբացառվի պատերազմը»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ զեկույցը պարզապես պատմում է այն ամենի մասին, ինչ ներկայումս տեղի է ունենում:

Ըստ նրա, պետք չէ հատուկ գիտելիքներ և առանձնահատուկ վերլուծական ունակություններ ունենալ՝ հասկանալու համար, որ քանի դեռ Ադրբեջանն առանց մեծ օպերացիաների կարողանում է հասնել իր նպատակներին, կշարունակի իր այդ ռազմավարությունը:

«Ինչո՞ւ այդպես, որովհետև դա ավելի քիչ արտաքին խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար, քան լայնածավալ պատերազմը: Ուժի գործոնն Ադրբեջանին ցույց է տվել իր արդյունավետությունը: Իրենց ազդեցության սահմանները ցույց են տվել նաև բոլոր դերակատարները, ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ուստի, այո, այդ գնահատականի հետ դժվար է չհամաձայնել:

Պարզապես, միևնույն ժամանակ, այս ռազմավարությունը կարող է երկար ժամանակ պահանջել, իսկ Ադրբեջանը շտապում է: Սակայն ռիսկային քայլերն այս անգամ Ադրբեջանին կկանգնեցնեն Իրանի առջև, որը ցանկալի չէ, կարծում եմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս