Բաժիններ՝

Երևանում կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։

«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժ: Մեր երկիրը շատ հետաքրքիր վայրեր ունի, առաջարկվում են ամենատարբեր զբոսաշրջային պրոդուկտներ: Այս միջոցառումը լավ հնարավորություն է մեր երկրի տուրիստական հնարավորություններին ծանոթանալու համար»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:

Ցուցահանդեսին Հայաստանի բոլոր մարզերը 500-ից ավելի պրոդուկտ են ներկայացնելու՝ կապված արկածային, մշակութային, խոհանոցային տուրիզմի հետ: Մարզերն իրենց առանձին տաղավարներով ներկայացնելու են ոչ միայն զբոսաշրջային հնարավորություններն, այլև խոհանոցը, մշակութային կոլորիտը:

Միջոցառման շրջանակում անցկացվելու է նաև համաժողով զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնագետները քննարկելու են մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, խնդիրները:

«Համավարակի ընթացքում, ինչպես գիտեք, երկրից դուրս գալու ճանապարհները փակ էին և շատերն իրենց հանգիստը կազմակերպում էին Հայաստանում: Այդ ժամանակ մեծ ակտիվություն եղավ: Փորձում ենք այդ տեմպը պահել: 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ներքին զբոաշրջության 20 տոկոս աճ ենք ունեցել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև խաղարկություններ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միջոցառմանը։ Ցանկացողները կարող են գրանցվել այս կայքում: Մրցանակները անվճար տուրեր են Հայաստանի մարզերում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս