Բավական է լինել անտեսանելի, ոչ ներկայանալի, ժամանակն է՝ փոխել այն որակը, ինչ ունենք այսօր. Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի երևանյան պրեմիերայից հետո
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանրահայտ կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերի լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերան՝ Վեբերի աշակերտ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։
Այս մյուզիքլի բեմադրությունը երաժշտասեր հանրության համար պատրաստել է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը, որը հիմնադրել է Պողոս Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Երևանում միջազգային մյուզիքլ բեմադրելու գաղափարը ծագել է դեռևս 1999 թվականին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը դիտելուց հետո։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են իմ կողքին, հավատացել, որ սա մի օր տեղի կունենա Հայաստանում: Ունենալ մի իրադարձություն, որը կփոխի հայկական մշակույթի ամբողջ ընթացքը: Բավական է լինել անտեսանելի, ոչ ներկայանալի: Ժամանակն է՝ փոխել այն որակը, ինչ ունենք այսօր: Մինչև այս ելույթը մարդիկ են եղել, ովքեր կասկածել են, որ սա հնարավոր է անել Հայաստանում: Հնարավոր է անել հայկական՝ ՀՀ արտիստների միջոցով: 5 տարի աշխատում եմ այս պրոյեկտի համար: Ամբողջ նպատակը եղել է՝ Հայաստանում բացահայտել նոր աստղեր, լինել միջազգային հարթակների համար ներկայանալի, ճանաչելի»,- պրեմիերայից հետո իր ելույթում ասաց Պողոս Հարությունյանը։
Մյուզիքլի գլխավոր դերում ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին է (Նորմա Դեզմոնդ), գլխավոր հերոսներից մեկը Եվգենի Ելպաշևն է (Ջո Գիլիս): Դերերում հանդես են գալիս նաև Ալիա Ագադիլովան (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյանը (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյանը (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյանը (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ: Անտոն Մուզիկանտսկի (բեմադրող ռեժիսոր), Մարիամ Բարսկայա (երաժշտական ղեկավար և դիրիժոր-բեմադրիչ), Անաստասիա Պուգաշկինա (բեմադրություն և կոստյումներ), Եկատերինա Գուտկովսկայա (կոստյումներ), Վասիլի Չերնենկով (խորեոգրաֆիա), Իվան Վինոգրադով (լույս), Միխայիլ Սոկոլիկ (ձայն):
Ի դեպ, չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի բեմադրվել ԱՊՀ ոչ մի երկրում։
Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը Հայաստանում կցուցադրվի միայն 6 անգամ: