Բաժիններ՝

«44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի և Շուշիի արխիվը չի փրկվել, Հադրութի արխիվում արժեքավոր փաստաթղթեր էին պահվում. լրիվությամբ կորցրել ենք». Անահիտ Գրիգորյան

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացին ոչ միայն հազարավոր արցախահայերի սեփականությունը, այլև մշակույթի արժեքավոր նմուշներ, տասնյակ թանգարաններ մնացին Շուշիում, Հադրութում, Քաշաթաղում և այլ տարածքներում։

Շուշիում ու Հադրութում 44-օրյա պատերազմի ժամանակ մնացել է բավականին հարուստ արխիվ՝ արցախահայության վերաբերյալ։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական արխիվի տնօրեն Անահիտ Գրիգորյանն ասաց, որ արցախահայության, Արցախի վերաբերյալ առավել արժեքավոր բազմաթիվ փաստաթղթեր կան Արցախի կառավարության արխիվում և Միգրացիայի վարչությունում։

«2005 թվականից հետո կառավարությունը մեզ որևէ բան չի հանձնել։

1990-ականներին, երբ Շուշին Ադրբեջանի կողմից օկուպացված էր, այնտեղ մնացել են բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր։ Շուշիում ունեինք շրջանային արխիվ, կային մանկատներ, որոնց արխիվային փաստաթղթերը տեղում էին պահպանվում։ Արխիվը գտնվում էր շրջվարչակազմի շենքում, 90-ականներին այնտեղ որևէ բան չի փրկվել։ Բայց մյուս շրջանային արխիվային փաստաթղթերը փրկվել են։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի և Շուշիի արխիվը չի փրկվել, 90-ականներից հետո մենք նորից արխիվ էինք ստեղծել։ Հադրութի արխիվում առավել արժեքավոր փաստաթղթեր էին պահվում, դրանք լրիվությամբ կորցրել ենք, այստեղ պահպանվում էին վիճակագրական տվյալներ»,- նշեց Անահիտ Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հադրութը մեծ շրջանն էր և հենց այդ պատճառով տեղի արխիվում պահպանվում էին նաև տնտեսությունների գրանցամատյանները՝ ընտանիքների, մարդկանց, հողատարածքների վերաբերյալ։

«Պատերազմի ժամանակ հնարավորություն չի եղել արխիվը տեղափոխել, և որևէ մեկը չի պատկերացրել, որ պատերազմն այդպես վատ կվերջանա մեզ համար։ Չէինք պատկերացնում, որ Հադրութը կամ Շուշին կարող են մնալ թշնամու հսկողության տակ։ Հակառակը՝ մարդիկ իրենց իրերն ապահովության համար տեղափոխում էին Շուշի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արցախի արխիվում պահպանվող նյութերն ինչպե՞ս կարող ենք օգտագործել ընդդեմ Ադրբեջանի կեղծ քարոզչության, մասնավորապես, տարածվող հայտարարությունների դեմ, թե իբր «Արցախն ադրբեջանական է եղել»՝ մեր հարցին Անահիտ Գևորգյանը պատասխանեց.

«Այդ ժամանակների վերաբերյալ կարևոր թղթերը Կառավարության արխիվներում են գտնվում, դրանք մեզ մոտ չեն։ Իսկ մեզ մոտ պահպանվող թղթերն այդ ժամանակաշրջանը չի ընդգրկում։ Այդ պահին էլ ընդունում ենք անձնական փաստաթղթեր՝ հարկային, դատական գործերի վերաբերյալ»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ արխիվը սկսել են թվայնացնել 2009 թվականից, սքաներների թույլ աշխատելու պատճառով քիչ քանակությամբ փաստաթղթեր են արխիվացրել։

«44-օրյա պատերազմից հետո ձեռք ենք բերել 3 սքաներ, արժեքավոր փաստաթղթերի գրեթե 25-30 տոկոսն արխիվացրել ենք, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Նախ՝ ֆիզիկապես չենք հասցնում, սարքավորումներն էլ քիչ են։ Մենք ուզում ենք մեր ամբողջ արխիվը թվայնացնել, որպեսզի կարողանանք հանգիստ աշխատել, բացի այդ էլ՝ ապահով կլինի արխիվն այդպես։ Ներկայում Կառավարությունն աջակցում է, 4 աշխատակից ու սքաներ է ուղարկել օգնության»,- եզրափակեց Անահիտ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արդեն 176-րդ օրն է՝ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի շրջափակման հետևանքով ապրում են հումանիտար աղետի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս