Բաժիններ՝

Համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու ջանքերը շարունակական են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագրի ներքո:

Հասարակության կյանքում սպորտի դերը բազմանշանակ է. այն ֆիզիկական և առողջ ապրելակերպի կրթություն և մշակույթ է, առողջ հոգու ու խաղաղ ներաշխարհի, արդարության, մրցակցի նկատմամբ հարգանքի արժեքային ընկալում: Խորհրդանշական է, որ համերաշխության և համախմբման համընդհանուր գաղափարները լավագույնս դրսևորվում են հենց սպորտի բնագավառում:

Հայաստանի Հանրապետության դրոշը տարբեր հարթակներում բարձր պահած սիրելի՛ մարզիկներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բաղձալի պահերի և հաղթանակների համար, որոնք ունեցել ենք ձեր շնորհիվ: Վստա՛հ եղեք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, անում է ամեն ինչ ձեր միջազգային նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու և մարզումային պայմանները բարելավելու համար: Համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու ջանքերն ու քայլերը շարունակական են լինելու: Առաջիկայում էլ՝ ապրիլի 15-23-ը, Երևանը դառնալու է ծանրամարտի եվրոպական մայրաքաղաք՝ իր հարկի տակ ընդունելով 40 երկրի շուրջ 350 մարզիկի:

Կարևորելով սպորտի տեղն ու դերը հանրային կյանքում՝ մասսայական սպորտի շարունակական միջոցառումներով զարգացնելու ենք առողջ ապրելակերպին միտված ծրագրերը՝ վստահ լինելով, որ սպորտը հանրային կենսակերպի կարևոր բաղադրիչ է: 5 մարզաձևում անցկացվող «Վարչապետի գավաթ» մրցաշարերն առավել մասնակցային դարձնելու գործելաոճը նաև հանրային աջակցություն է գտնում, ինչն ուրախալի փաստ է:

Սպորտի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ նաև մարզիչ-մանկավարժներին. ձեր ամենօրյա աշխատանքը նպաստում է առողջ, ուժեղ, հայրենասեր և կիրթ սերունդ ունենալուն: Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ՝ նոր հաղթանակների ճանապարհին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս