Ալեն Սիմոնյանը ստել է. Աշոտ Փաշինյանը հերքում է, իր հանդեպ հարձակում տեղի չի ունեցել

Կիրակի առավոտյան համացանցը ողողվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և սփյուռքահայ քաղաքացու միջև Երևանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ տեսանյութերով, երբ քաղաքացին Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ գոռացել էր «դավաճան», Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան՝ հրահանգել էր անվտանգության աշխատակիցներին բռնել քաղաքացու ձեռքերը, ապա մոտեցել և թքել էր քաղաքացու աչքին:

Իշխանական ողջ թիմը շտապեց հայտարարել, որ կատարվածն ուղղորդված է  ընդդիմության կողմից, և, որ հատուկ խմբավորումներ են ձևավորվել՝ իշխանության ներկայացուցիչների դեմ նման քայլեր իրականացնելու համար:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ կատարվածին՝ չհերքելով, որ ինքը թքել է քաղաքացու դեմքին։ Ավելին՝ նա հերթական անգամ մեղադրել էր նախկիններին.

«Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»:

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը, բացի այս գրառումից, ևս մեկ գրառում կատարեց՝ հայտարարելով, թե հարձակման է ենթարկվել նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը.

«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»:

Իրավական և քաղաքական արձագանքը, չգիտենք՝ կուշանա՞, թե՞ ոչ, բայց որ Աշոտ Փաշինյանի արձագանքը չուշացավ, դա փաստ է:

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը տարածեց Աշոտ Փաշինյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Փաստացի Աշոտ Փաշինյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը հարձակման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստել է, դրա ապացույցն է նաև այն, որ Ալեն Սիմոնյանը շտապել է ֆեյսբուքյան իր էջից ջնջել այդ գրառումը:

Տեսանյութեր

Լրահոս