Եթե որևէ մեկը հայտարարում է՝ ունենք 11.000 դասալիք, պետք է ներկայացնի 11.000 քրեական վարույթ և 11.000 մեղադրական դատավճիռ. Փաստաբան
«Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ Գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում»,- օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը:
Այս թիվն էլ, պարզվում է, ոչ ավել, ոչ պակաս, նախկինում շրջանառել է Իլհամ Ալիևը. հանրային, քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանն էր հիշեցրել. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին գովաբանելով Ադրբեջանի բանակը, Հայաստանի հասցեին արել է հերթական նվաստացնող արտահայտությունը, իբրև թե մենք 11.000 դասալիք ենք ունեցել»:
Տեղեկության աղբյուրը թողնելով՝ դարձյալ անդրադառնանք «դասալքություն» բառին, որն ամենևին էլ բարոյական որակում չէ. մասնագետները շեշտում են՝ դասալքության մասին կարելի է խոսել, եթե կա մեղադրական դատավճիռ:
Շիրակի մարզի և Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց. ««Դասալքություն»-ը քրեորեն պատժելի արարք է: Հետևաբար, եթե որևէ մեկը հայտարարում է՝ ունենք 11.000 դասալիք, ընդ որում, պետության անունից (այդ մարդն ընկալվում է պետության ներկայացուցիչ՝ անկախ նրանից, որ պաշտոն չունի), տվյալ անձը պետք է ներկայացնի 11.000 քրեական վարույթ և 11.000 մեղադրական դատավճիռ, կամ՝ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ նրանց նկատմամբ: Մնացյալ հայտարարությունները՝ առանց իմ կողմից նշած դատավարական փաստաթղթերի, մերկապարանոց հայտարարություններ են, որոնք մեկնաբանել էլ իմաստ չունի»:
Արդյո՞ք այս հայտարարությունը կարող ենք համարել պետական գաղտնիքի հանրայնացում՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Րաֆֆի Ասլանյանը նկատեց. «Իհարկե, ցանկացած տեսանկյունից դա կարելի է տեղավորել «Պետական գաղտնիքի մասին օրենք»-ով առկա կարգավորումների մեջ, բայց մենք արդեն սովորել ենք այդ գաղտնիքի ընդլայնմանը, և մեր պետության մեջ, կարծեք, պետական գաղտնիք չի էլ մնացել»: