Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրից օգտվել ցանկացողների գրանցման գործընթացը
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, ինչպես նաև տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn):
Կատարվող վճարումների փուլերի վերաբերյալ պարզաբանումը նույնպես զետեղված է այս բաժնում: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով:
Այսպիսով՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչև 2023 թվականի ապրիլի 11-ը: Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը:
Տեղեկացնենք նաև, որ www.statemultiapartment.am հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով:
Հարցերի դեպքում ՀՀ կառավարության որոշման համաձայն բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով