Բռնցքամարտիկների ծաղկաձորյան հավաքին կմասնակցի մոտ 30 մարզիկ
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Ընտրանին ապրիլի 4-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որին կմասնակցի մոտ 30 բռնցքամարտիկ:
«Մեզ շատ զույգեր են պետք, այդ իսկ պատճառով հավաքին մասնակցում է 30 մարզիկ: Մենք բարդ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ աշխարհի առաջնության ավարտից ընդամենը 40 օր անց Եվրոպական խաղերն են, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,-ասաց մասնագետը:
Հավաքը կեզրափակվի ապրիլի 16-ին: Վերջին հավաքը ընտրանին կանցկացնի արդեն Ղազախստանում, որից հետո կմեկնի Ուզբեկստան: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: