Տարեսկզբին Ռուսաստանից ավելի քիչ մարդ է եկել. գնացողները շատացել են
Այս տարվա տնտեսական աճի գործում իշխանությունները կրկին մեծ դեր են վերապահել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածներին և տեղափոխվողներին։ Այդ գործոնն անցած տարի իսկապես մեծ ազդեցություն ունեցավ մի շարք ոլորտներում արձանագրված բարձր տնտեսական աճերի վրա։ Իշխանությունները հույս ունեն, որ նույնը կկրկնվի նաև այս տարի։ Սակայն տարեսկզբի միտումներն այնքան էլ հուսադրող չեն։
Մինչ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե անցած տարի Ռուսաստանից 108-110 հազար քաղաքացի է տեղափոխվել և հաստատվել Հայաստանում, տարեսկզբին Ռուսաստանից եկածների ու գնացածների տարբերությունը բացասական է։
Իհարկե, հարց է նաև, թե էկոնոմիկայի նախարարը որտեղից է վերցրել, որ անցած տարի 108-110 հազար Ռուսաստանի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Պաշտոնական վիճակագրության մեջ այդպիսի ցուցանիշ չկա։ Հայտնի է, որ անցած տարվա 11 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կազմել է 1 մլն 16 հազար, ելքը՝ 967 հազար։
Այսինքն՝ այստեղ մնացել է եկածներից 49 հազարը։
Այս տարվա սկզբին պատկերը փոխվել է. ավելի շատ ՌԴ քաղաքացիներ են գնացել Հայաստանից, քան եկել են։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվարին Ռուսաստանից Հայաստան է եկել գրեթե 109,8 հազար քաղաքացի։ Գնացել է շուրջ 120,4 հազարը։
Այլ կերպ, Հայաստանից ավելի քան 10 հազարով շատ Ռուսաստանի քաղաքացիներ են գնացել, քան եկել են։
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո տեղափոխվել էին Հայաստան, հաստատվել, ապրում ու աշխատում էին, սկսել են աստիճանաբար հեռանալ։
Դատելով պաշտոնապես հրապարակված ցուցանիշներից, այդպես է։ Թեև մեկ ամսվա տվյալներով, առայժմ վաղ է երկարաժամկետ դատողություններ անել։ Բայց եթե այդ միտումը պահպանվի, ապա դա կարող է էական ազդեցություն թողնել տնտեսական աճի այն ակնկալիքների վրա, որոնք իշխանությունները կապում են Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների հետ։ Նրանք իրենց հետ ոչ միայն լրացուցիչ սպառողական պահանջարկ են ձևավորել տնտեսության մի շարք ոլորտներում, այլև մասնակցում են տնտեսության մեջ հավելյալ արդյունքի ստեղծմանը՝ թե՛ իրենց բիզնես գործունեությամբ, և թե՛ աշխատանքով։
Պաշտոնական տվյալներով, անցած տարի Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում գրանցել են գրեթե 2,5 հազար իրավաբանական անձ հանդիսացող ընկերություններ։ Եվս 4 հազարը եղել են անհատ ձեռնարկատերեր։
Սրանք փոքր թվեր չեն Հայաստանի տնտեսության համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին այդ թվերն անգամներով ավելի քիչ էին։
Ռուսաստանից տեղափոխված քաղաքացիների ու բիզնեսի արդյունքում անցած տարի Հայաստանի տնտեսությունն աճի բարձր տեմպ գրանցեց։ Նույնը կլինի՞ նաև այս տարի, թե՞ ոչ, հավանականությունը, ինչպես վկայում են Ռուսաստանի քաղաքացիների այս տարվա տեղաշարժերը, մեծ չէ։ Թերևս, պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության այս տարվա աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների գնահատականներն անհամեմատ համեստ են, քան անցած տարի արձանագրված ցուցանիշներն են։ Տնտեսական աճի նրանց ակնկալիքներն այս փուլում տատանվում են գերազանցապես 4-4,5 տոկոսի հավանականության սահմաններում։
Որ ռուսական գործոնն էական ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա, անժխտելի փաստ է։ Դա երևում է ոչ միայն մարդկային ու բիզնես հոսքերի, այլև մի շարք այլ ուղղություններով։
Անգամներով աճել է Ռուսաստանի հետ արտաքին առևտուրն ու կապիտալի մուտքը։
Ռուսական գործոնի ազդեցությունը Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի գործում չափազանց մեծ է։ Օրինակ՝ ֆինանսների նախարարի գնահատումներով, այն կազմում է արձանագրված 12,6 տոկոս աճի գրեթե կեսը։
«Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակը ստեղծել է դրական պայմաններ մեր տնտեսական աճի համար, որը թե՛ մարդկանց, թե՛ ֆինանսական միջոցների ներհոսքով է պայմանավորված, թե՛ մեր տնտեսվարողների համար հավելյալ հնարավորություններով։ Այս բոլոր ուղղություններով մենք ունենք բավական մեծ առաջխաղացում։
Եթե խոսենք այն մասին, թե որքա՞ն է կազմում այդ գործոնի ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա, մեր կարծիքով՝ դա կկազմի շուրջ 6 տոկոս»,- ասում է ֆինանսների նախարարը։
Դժվար չէ պատկերացնել, ինչ մեծ կորուստներ կունենա Հայաստանի տնտեսությունը, եթե այդ գործոնը դադարի թողնել իր ուղղակի ազդեցությունը։
Թեև Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի ու ելքերի տարբերությունը տարեսկզբին այնքան էլ նպաստավոր չէ տնտեսական ակնկալվող զարգացումների համար, այնուհանդերձ մարդկային կապիտալի շարժը հունվարին ի օգուտ Հայաստանի է եղել։ Ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։
Եկողների հիմնական մասը եղել են Հայաստանի քաղաքացիները։ Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրավիճակը՝ ենթադրվում է, որ նրանք եկել են մեծամասամբ Ռուսաստանից։
Հայտնի է, որ Ռուսաստանում բավական մեծ թվով հայկական անձնագրերով քաղաքացիներ են աշխատում ու ապրում։ Նրանց մի մասը, ըստ էության, գերադասել է վերադառնալ, ինչի հաշվին մարդկային հոսքերը տարեսկզբին դրական են։ Հունվարին գրեթե 18 հազարով ավելի շատ ՀՀ քաղաքացի է եկել Հայաստան, քան Հայաստանից գնացածներ են եղել։
Եթե հանում ենք նրանց, շարժերը բացասական են։
Այլ երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանը տարեսկզբին շուրջ 12 հազարով քիչ է ելքից։ Դրանից միայն 10 հազարը բաժին է ընկել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներին։ Նրանք ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել։ Ինչքանո՞վ կպահպանվի այս միտումը, կտեսնենք առաջիկայում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ