Ինչպես ոչնչացնել պետությունը, կամ՝ ինչ բան է ծառաների սոցիումը

«Մեծ Բրիտանիայում գործող պացիֆիստները նացիստական Գերմանիայի դաշնակիցներն են»

Ջորջ Օրուել

Ռուս հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սավելևն իր՝ ուղեղի զարգացման էվոլյուցիային նվիրված աշխատանքներում (մասնավորապես, Церебральный сортинг) մարդու ուղեղի զարգացումը կապում է սոցիումների հետ։ Ըստ նրա, եթե ռազմիկների սոցիումը պահանջում է պրպտող և ստեղծագործ միտք, ապա ծառաների սոցիումը ձևավորում է միջակությունների, որոնք աչքի են ընկնում իրենց հնազանդությամբ ու ծառայամտությամբ։

Եթե հզոր պետություններ և կայսրություններ ստեղծում են ռազմիկները, ապա դրանք կործանում են ծառաները։ Եթե ռազմիկների սոցիումի ստեղծած կայսրությունները խաղաղությունը և բարեկեցությունն են բերում, ապա ծառաների սոցիումը՝ պատերազմ և ավերածություն։ Ռազմիկների ստեղծած պետությունները կարող են առաջացնել երկարատև անվտանգության և խաղաղության կեղծ ընկալում, կարող է թվալ, թե այլևս ռազմիկներ պետք չեն, ու առաջին պլան են մղվում ծառաները՝ բաղկացած հարմարվողներից՝ կոնֆորմիստներից, որոնք և ստեղծում են քաղաքական նոր միջավայրը, նոր իրականությունը, որը և պատճառ է դառնում այդ պետության կործանման։

Թուլացող պետությունը պարարտ հող է ստեղծում ծառաների՝ կոնֆորմիստների սոցիումի ստեղծման համար, որոնք զավթում են իշխանությունը՝ այն հասցնելով վերջնական կործանման։ Ծառաների սոցիում ստեղծվում է նաև պետականությունը կորցրած թույլ ազգերի մոտ, որոնք կորցնում են իրենց ազգային ինքնությունը և ցանկանում են հարմարվել իրենց տիրապետող ազգերին՝ նրանց բարքերին և սովորություններին։

15-րդ դարի հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին նկարագրում է, թե ինչպես էին Հայաստան ներխուժած թուրքալեզու ցեղախմբերը միմյանց դեմ ճակատամարտում հայկական հողերին տիրանալու համար։ Իսկ այդ նույն ժամանակ հայերը նախընտրում էին այդ ճակատամարտին հեռվից հետևել՝ չհամարձակվելով անգամ խառնվել ու պաշտպանել սեփական հողը թշնամուց։

Ծառաների մոտ բացակայում է պայքարելու ցանկությունը, այն գնահատելով՝ որպես իրենց համար սպառնալիք։ Վերջիններս ապրում են կեղծ ռացիոնալության ընկալմամբ, որի հիմքում սեփական վախկոտությունն է և շրջակա իրականությունն այդ լույսի ներքո դիտելու ցանկությունը, արդարացնելու համար իրենց գործողությունները։

1918թ․-ին, երբ թուրքական զորքերն անցան Արաքս գետը և շարժվեցին դեպի Էջմիածին, ապա Երևանում որոշում ընդունվեց չհանձնվել և կռվի բռնվել թշնամու հետ։ Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի զինվորները, աշխարհազորի և կամավորների հետ միասին, հաղթեցին թշնամուն և փրկեցին Հայաստանի տարածքի մի մասի բնակչությանը կոտորածներից։

Սակայն քչերին է հայտնի, որ նույն այդ ժամանակ դեպի Նախիջևան շարժվող թուրքական զորքի դեմ տեղի բնակչությունը որոշեց չմարտնչել։ Նախիջևանի հայ մեծամեծերը որոշեցին հանձնվել, վստահ, որ այդպիսով խելացի են վարվում և շատ ռացիոնալ, քանի որ ուժերը, ըստ նրանց, անհավասար էին և պայքարելը՝ անիմաստ։ Հիշեցնենք, որ ուժերն անհավասար էին նաև Սարդարապատում։ Նախիջևանի հայությունը համաձայնեց թուրքերին հանձնել բոլոր զենքերը և հավատարմության երդում տալ նրանց։ Հենց այդպես էլ վարվեցին, սակայն դա չփրկեց նրանց՝ սկզբից սպանեցին մեծահարուստներին, որոնք եկել էին դիմավորելու թուրքական բանակը, իրենց ընտանիքների հետ միասին, իսկ ապա սկսվեցին համատարած կոտորածներ ողջ Նախիջևանում։

Հայկական այդ երկրամասն այդ հարվածից այդպես էլ ուշքի չեկավ, թուրքերը հետագայում թույլ չէին տալիս հայերի վերադարձն իրենց հայրենի բնօրրան, իսկ ԽՍՀՄ-ի տարիներին Նախիջևանը վերջնականապես հայաթափվեց։

Ծառաների սոցիումը ի վիճակի չէ մտածելու, առավել ևս՝ ռացիոնալ, քանի որ նրանք ապրում են սեփական թերարժեքության բարդույթներով, շրջակա աշխարհը տեսնելով միայն սեփական վախերի, սարսափների լույսի ներքո, գնահատելով ու գործելով՝ դրանից ելնելով։

Այդ մարդկանց հատուկ չէ հայրենիքի համար մարտնչելու քաջությունը, նրանք միայնակ ռազմիկներ չեն, այլ հոտային մտածելակերպով ապրող ամբոխ, որը գործում է միայն իր պես մտածող սոցիումի շահերից ելնելով, առաջ մղվելով միմիայն սեփական անասնական վախերով։ Իսկ այդ վախերի արդյունքում նրանց ատելության առաջնային թիրախը ոչ թե օտարներն են, որոնք ստրկացրել են իրենց, այլ յուրայինները, որոնք համարձակություն ունեն չենթարկվելու թելադրվող ընդհանուր կանոններին և տարբերվել իրենցից։

Յուրայիններից ցանկացածը, ով տարբերվում է, իրենց առաջնային թշնամին է՝ ատելության և ոչնչացման առաջնային թիրախը։ Ընդհանուր գորշությունից տարբերվելու ցանկացած փորձ, ցանկացած ինքնուրույն միտք կամ սեփական կարծիք ունենալու փորձ համարվում է անընդունելի և պախարակելի։

Ծառաների սոցիումն առաջին հերթին նախընտրում է ոչնչացնել և դուրս մղել նրանց, իսկ իրեն ստրկացրած բռնատերերի հետ ապրել ծառային հատուկ հնազանդությամբ։ Այդ ապրելակերպը գնահատելով՝ որպես ռացիոնալ և գոյատևման իրենց համար ընդունելի միակ տարբերակը։

Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյաներին արգելված էր ձի հեծնել, իսկ հայ ֆիդայիները, հատկապես Աղբյուր Սերոբը, ոչ միայն հեծնում էր, այլև նախընտրում էր շրջել լավագույն նժույգներով, ինչը համապատասխան նախանձ ու ատելություն էր առաջացնում իր մյուս երկրացիների մոտ, որոնք հլու-հնազանդ ենթարկվում էին օսմանյան օրենքներին՝ նախընտրում ավանակով շրջել։ Հայերին արգելված էր նաև զենք կրել, սակայն Աղբյուր Սերոբը ոչ միայն զենք էր կրում, այլև զինագործները հատուկ նրա համար զենք էին կռում։ Այս «դիմակայությունը» ծառաների ու ռազմիկների միջև՝ ավարտվեց Աղբյուր Սերոբի թունավորմամբ և սպանությամբ։ Հետագայում նույն ճակատագրին արժանացան նաև շատ այլ հայ ֆիդայիներ։

2018թ․ ՀՀ-ում իշխանությունը զավթած ծառաների սոցիումը, արդեն հազարամյակներով ձևավորված սցենարով, ավերածություն, պատերազմ և մահ բերեց մեր երկրին, շարունակաբար պառակտելով ու բաժանելով հայ հանրությանը։ Ու նույնիսկ իշխանափոխությունից հետո, եթե հայ հասարակությունը ձեռնամուխ չլինի ռազմիկների սոցիումի ստեղծմանը և ծառաների հանրության ոչնչացմանը, ապա նիկոլիզմ կոչվող երևույթը շարունակաբար հետևելու է մեզ։

Արմեն Մանվելյան,

պատմական գիտությունների թեկնածու 

Տեսանյութեր

Լրահոս