Ինչո՞ւ էր առավելագույնը 15 րոպե պահանջող «պատասխանի» համար Դատախազությանը հարկավոր 18 օր, երկար մտածելը պատճա՞ռ ունի…

Մարտի 10-ին 168.am-ը Գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել Շիրակի և Լոռու մարզերի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ Շիրակի մարզում ծավալած գործունեության վերաբերյալ, կոնկրետ փաստի առնչությամբ:

Խոսքը մասնավորապես վերաբերում էր Շիրակի մարզի նախկին դատախազի և Գյումրիում չափազանց հայտնի գործարարի փոխհարաբերություններին, նրանց պայմանավորվածություններին, գործարարի ընտանեկան ողբերգությունը շահարկման գործիք դարձնելուն, շանտաժ հիշեցնող ենթադրյալ քայլերին, քրեորեն պատժելի ու դատախազի գործունեության հետ անհամատեղելի այլ դրվագներին:

Այս պատմության մանրամասները զարհուրելի են, և թեպետ Գյումրիում բոլորը գիտեն այդ մասին, մենք առայժմ զերծ կմնանք մանրամասներ ներկայացնելուց, որովհետև խոսքն ընտանիքի մասին է, ծնողի ողբերգության, և մեր նպատակն այդ ընտանիքի ցավը, որը ցանկացած նորմալ հայ ընտանիք կցանկանա մոռացության տալ, վեր հանելն է:

Այստեղ խոսքը պաշտոնատար անձի գործունեության մասին է, նրա՝ այդ պատմությանն առնչության մասին:

Կարդացեք նաև

Հենց այդ նպատակով էինք Գլխավոր դատախազություն հարցում ուղարկել, կրկնում ենք, մարտի 10-ին՝ ցանկանալով պարզել՝ արդյո՞ք Կարեն Գաբրիելյանի՝ Լոռու և Շիրակի մարզերում որպես մարզի դատախազ պաշտոնավարման ընթացքում նրա գործունեության վերաբերյալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացվել է: Ի՞նչ է բացահայտվել, եթե նման քննություն կամ ուսումնասիրություն իրականացվել է: Արդյո՞ք գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից բացահայտվել են մեր հարցման մեջ նշված փաստերը: Ի՞նչ գործողություններ է իրականացրել գլխավոր դատախազությունը դրանց արդյունքներով:

Մեր հարցման պատասխանը ստացանք մարտի 28-ին:

Հրապարակված պատասխանից ակնհայտ է դառնում, որ Գլխավոր դատախազությանը 18 օր էր պետք ընդամենը գրելու համար, որ Կարեն Գաբրիելյանի՝ Շիրակի և Լոռու մարզերի դատախազ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության վերաբերյալ ծառայողական ուսումնասիրություն չի կատարվել, այժմ ուսումնասիրություն է կատարվում Լոռու մարզում պաշտոնավարման վերաբերյալ, թեպետ մեզ Շիրակի մարզում նրա գործունեությունն էր հետաքրքրում հատկապես:

Ուղիղ 18 օր էր պետք նաև պարզելու համար, որ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից մեր մատնանշած փաստերը չեն բացահայտվել:

Թերևս մնում է միայն հասկանալ՝ ինչու էր այս՝ առավելագույնը 15 րոպե պահանջող «պատասխանի» համար Դատախազությանը հարկավոր 18 օր:

Տեսանյութեր

Լրահոս