Ինչպես գործող իշխանությունների համառ ջանքերով Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանից
Կար ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր ակտիվորեն ներգրավվել տարածաշրջային էներգետիկ ծրագրերում։ Դա արվում էր Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորման շուրջ տարվող աշխատանքների շրջանակներում։
Դեռևս 2016թ. սկզբին նախկին իշխանությունների ակտիվ մասնակցությամբ Երևանում նույնիսկ քառակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որի ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ։
Չորս երկրների էներգետիկ նախարարները նախաձեռնեցին նաև նախագծի իրականացման, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզը», ինչը նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։
Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման և իրականացման հետագա միջոցառումների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվեց 2016 թ. սեպտեմբերին Բաթումում, իսկ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի ունեցավ արդեն 2017 թ. սկզբին Թբիլիսիում:
Խոսքը տարածաշրջանային այնպիսի ծրագրի իրականացման մասին էր, որը թույլ կտար միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը` բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Ըստ այդմ, Հայաստանը կարող էր դառնալ կարևոր միջանցք՝ տարածաշրջանային այս համագործակցության իրականացման շրջանակներում։
Սակայն դրա համար անհրաժեշտ էր կառուցել և ավարտին հասցնել՝ ինչպես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գիծը, որը ստացավ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» անվանումը։
Այդ գծերի կառուցումն էապես պիտի ավելացներ էլեկտրաէներգիայի հաղորդման թողունակությունը։
Անցել են տարիներ, բայց չկան՝ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը։
Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքները դանդաղեցին հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր գաղափար չունեին՝ ինչպես ընդհանրապես պետական կառավարումից, այնպես էլ՝ բազմաթիվ կարևոր ծրագրերից։ Ինչպես մի շարք այլ ծրագրեր, այնպես էլ Հյուսիս-Հարավի գաղափարը հետին պլան մղվեց, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Այն պարագայում, երբ հանդիսանում էր Հյուսիս-Հարավի հիմնական նախաձեռնողը։
Վաղուց պիտի կառուցված և ավարտված լիներ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը։ Երրորդ գծի կառուցումից հետո էապես կբարձրանար Իրանի և Հայաստանի միջև գործող էլեկտրագծերի թողունակությունը՝ ներկայիս 340 մեգավատտից հասնելով ժամում 1200 ՄգՎ-ի:
Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
Արդյունքում՝ այս գիծը վաղուց կառուցված-ավարտած պիտի լինեին, բայց այն դեռևս գտնվում է կառուցման ընթացքում։
Ակնկալվում է, որ այս տարի, ի վերջո, կհաջողի ավարտել աշխատանքները։
Կհաջողվի՞, թե՞ ոչ՝ կտեսնենք տարեվերջին։ Այդպիսի հավաստիացումներ նախկինում բազմիցս են արվել։
Թեև, եթե նույնիսկ հաջողվի տարեվերջին կառուցել ու սկսել այս գծի շահագործումը, դա գոնե առայժմ ոչինչ չի տալու Հայաստանին Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի վաղուց արդեն խամրած գաղափարը կյանքի կոչելու համար։ Քանզի դա անհնարին է՝ առանց Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման։ Իսկ այդ գծի կառուցման ուղղությամբ աշխատանքները նույնիսկ չեն էլ սկսվել։ Չնայած մինչև իշխանափոխությունն արդեն կային հիմնական պայմանավորվածությունները ոչ միայն ֆինանսական ապահովվածության առումով, այլև ընտրվել էր խորհրդատվական ընկերությունը, հայտարարվել էր մրցույթ՝ կապալառու կազմակերպությունների ընտրության համար։
Նախագիծը պիտի իրագործվեր երեք փուլով: Առաջին երկու փուլերի շրջանակում նախատեսվում էր կառուցել 400 կիլովոլտ լարումով էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի երկու ենթակայան, ինչը թույլ կտար սկսել աշխատանքը Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ` ասինխրոն ռեժիմով: Նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի միավորում, ինչը պիտի նպաստեր փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ ստեղծվող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունն այսօրվա 200 մեգավատտից առաջին փուլում պիտի հասներ 350 մեգավատտի, իսկ հետագայում կամ ծրագրի ավարտին՝ 1050 մեգավատտի։
Իշխանափոխությունից հետո կատարված աշխատանքն ամբողջությամբ ջուրը լցրեցին։
Հիմա արդեն Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացնող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցումը նախատեսում են ավարտել 2027թ. վերջին։
Այնինչ՝ պիտի արդեն վաղուց ավարտված լիներ։ Եթե, իհարկե, 2027թ. էլ դա լինի։ Իրան-Հայաստանի գծի կառուցման ընթացքը վկայում է, թե ինչքանով է իշխանություններին հաջողվում պահպանել սահմանված ժամանակացույցը։ Վարկային այն համաձայնագրերից մեկով, որով նախատեսվում էր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացնել, ծրագրի ավարտը նախատեսված էր 2019թ.։ Դրանից 4 տարի հետո անգամ այն չի մեկնարկել։
Չի բացառվում, որ նույնիսկ չմեկնարկի էլ. ուղղակի այլևս նման անհրաժեշտություն չլինի։
Հայաստանն արդեն շատ է ուշացել Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարը կյանքի կոչելուց։ Առավել ևս՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում, երբ շատ բան մեզ համար դեռ անորոշ է։
Այլ բան է Իրան-Հայաստանը, որի գործարկումը թույլ կտա ավելացնել Իրանի հետ էներգետիկ փոխանակումները։ Թեև դա էլ շատ արագ կկորցնի իր իմաստը, եթե սահմանափակվի միայն Իրանի հետ էներգետիկ հոսքերի սպասարկումով։ Առավել ևս, որ այստեղ ևս քիչ անորոշություններ չկան՝ կախված էներգետիկ ոլորտում Իրանի հետ աշխատող միակ՝ «Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրի ապագայի հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ