«Ի՞նչ միջազգային դիտորդներ, ի՞նչ ֆլան ու ֆստան, պիտի ուժեղ լինես՝ ծեծես, որ հարգեն, թե չէ մարդկային լեզուն թուրքը կյանքում չի հասկանա». Բերդաշենի բնակիչ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին։

168.am-ի հետ զրույցում Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ թշնամու կրակոցները նորություն չեն, պատերազմից հետո մշտապես կրակել է։

«Այգիները մեծ դժվարություններով ենք մշակում, երեկ թշնամին հենց իմ այգու ուղղությամբ է կրակել, դրանից առաջ էլ է կրակել։ Ամեն դեպքում փորձում ենք մշակել, զոռով-շառով բանվոր ենք գտնում, վառելիք ենք հայթայթում, մտնում ենք այգի, բայց կրակում են, աշխատանքները կիսատ թողնելով՝ դուրս ենք գալիս։ Խաղաղապահներն են միջամտում, մեզ ասում են՝ դուրս գանք այգիներից, մինչև թշնամին կրակոցները դադարեցնի»,- պատմեց Կամո Աղաջանյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, այգիների այն հատվածներում, որոնք ավելի շատ մոտ են թշնամու դիրքերին, ռուս խաղաղապահները կանգնում են այդ հատվածներում։ Բնակիչները նախապես նրանց տեղեկացնում են, նրանք էլ գալիս կանգնում են։

«Բայց թշնամին անտեսում է նաև ռուս խաղաղապահներին, կրակում է նաև նրանց ուղղությամբ։

Ինքս Բերդաշենում 9 հեկտար վարելահող չեմ մշակում, մեր հսկողության տակ է, բայց թշնամու դիրքերին շատ մոտ, հազիվ կարողանում եմ 3 հեկտարը մշակել։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ թշնամին կրակում է ոչ միայն Արցախում, այլև ամբողջ Հայաստանի չորս կողմերով է կրակում։ Այս ամենի նպատակը մեկն է՝ Արցախը հայաթափել»,- շեշտեց Կամո Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է երեկ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի  հայտարարություններին, թե միջազգային դիտորդներ պետք է տեղակայվեն Արցախում, ապա մեր զրուցակիցը՝ Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը, որ թշնամու կրակոցների տակ է փորձում հող մշակել, զբաղվել գյուղատնտեսական  աշխատանքով, այսպես հակադարձեց՝ ի վերջո հայ ժողովուրդը երբ է իր պատմությունից դասեր քաղելու։

«Ի՞նչ միջազգային դիտորդներ, ի՞նչ ֆլան, ի՞նչ ֆստան, պիտի ուժեղ լինես, պիտի ծեծես, որ հարգեն, թե չէ մարդկային լեզուն, այն էլ՝ թուրքը կյանքում չի հասկանա։ 30 տարի մարդու նման էինք, աշխարհով մեկ մեզ հարգում էին, այդ ի՞նչ արեցին, այդ ո՞ւմ բերեցին ազգի գլխին։ Ուղղակի ամոթ է, ամոթ, այդ նույն Նիկոլն Արցախը տվեց պրծավ, այսօր Հայաստանն է տալիս, շուտով հեռադիտակով ենք Սևանը նայելու, կմնա միայն Երևանը ու մի քանի ռեստորան, որտեղ կուտեն, կխմեն ու ստամոքսները կուշտ կապրեն, ձեռքի հետ էլ թուրքական լոլիկ ու շոր կվաճառեն»,- ընդգծեց Բերդաշենի բնակիչը։

Նրա բնորոշմամբ՝ Արցախն իրեն կարող է փրկել և ոչ միայն իրեն, այլև ողջ հայությանը, միայն Արցախին զենք է պետք։ Եթե պատմությունը լավ ուսումնասիրեն, ապա կտեսնեն, որ Արցախի շնորհիվ է Հայաստանը մնացել։

«Փաշինյանը գալու է նույն արցախցուն խնդրի, ասի՝ փրկեք մեզ, ասեմ, սա հիշեք՝ երեք անգամ հայրենիք ենք փրկել, չորրորդ անգամ էլ կփրկենք։ Մեկը չկա, որ Նիկոլին ասի՝ գնա մտի Աննայի ծոցը, դուրս մի արի ու մեզ մի խայտառակիր։ Չե՞ք տեսնում, որ ՔՊ-ականների ամեն քայլը տանում է հայրենիքի կործանման»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս