«Թշնամին եկել, Տեղ գյուղի հողերը վերցրել է՝ մի 70-80 հեկտար, պոստերը դնելով՝ գնում են». Տեղ համայնքի ավագանու անդամ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ  Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհը, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,-հայտնել էր Տեղեկատվական շտաբը։

Մամուլն արդեն հրապարակել է, որ ադրբեջանցիները Տեղ համայնքի տարածքից վարելահողեր են օկուպացրել ու իրենց համար ամրաշինական աշխատանքներ են կատարում։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող խոսել, քանի որ ղեկին է, կխոսի ավելի ուշ։

Տեղ համայնքից Վաղատուր գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվել։

«Տեղ համայնքից տեղեկություն չունեմ, բայց մեզ մոտ հանգիստ է, որևէ բան չկա։ Մեզ մոտ առաջխաղացում չկա, Տեղից էլ որևէ լուր չունեմ»,- շեշտեց Վաղատուրի վարչական ղեկավարը։

Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն էլ 168.am-ին ասաց, որ լրատվամիջոցները բոլորն իրեն են զանգահարում, մինչդեռ այդ հարցերին պետք է պատասխաներ Տեղ համայնքի ղեկավարը։

«Դե ի՞նչ ասեմ՝ թշնամին եկել, Տեղ գյուղի հողերը վերցրել է, մի 70-80 հեկտար, պոստերը դնելով՝ գնում են։ Արավուսի վերջին պոստից սկսած՝ Տեղ գյուղի դաշտերի միջով գնում է, ասֆալտում, իրենց պոստն արդեն դրել են, իջել են մինչև Տեղ գյուղի ու Կոռնիձորի սահման։ Մենք էլ որևէ բան չենք անում»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն 4 ավագանու նիստի չի մասնակցում, և շեշտեց, որ այդ նիստերից հոգնել է, արդարություն չկա։

«Այդ դաշտերում ցանքս արել են, ցանածն արդեն 5 սմ բարձրացել է, թշնամին այդ արտերի մեջ իր համար հենակետեր է դնում»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

ՊՆ խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Տեսանյութեր

Լրահոս