Փարպիի ամբուլատորիայի՝ ընտանեկան բժիշկ նախկին տնօրենը կվերականգնվի. Աշտարակի համայնքապետի կարգադրությունը չեղարկվել է
Շուրջ մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի կամայական կարգադրության մասին, որով Աշտարակի գյուղական համայնքների 8 ամբուլատորիաների տնօրեններին ազատել էր աշխատանքից այն հիմնավորմամբ, որ տնօրենը չի կարող միաժամանակ լինել ընտանեկան բժիշկ:
Ընդ որում, Թովմաս Շահվերդյանն այդ կարգադրությունն արել էր առանց սպասելու Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լսումների արդյունքներին, որի տիրույթում էր գտնվում նշված խնդիրը:
Առաջինն աշխատանքից ազատվել էր Փարպիի ամբուլատորիայի տնօրեն, երկարամյա աշխատանքային ստաժով բժիշկ, մարզում ընտանեկան բժշկության հիմնադիրներից մեկը՝ Օֆելյա Մկրտչյանը:
Օֆելյա Մկրտչյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ իր փոխարեն ամբուլատորիայի տնօրեն է նշանակվել բժշկական կրթություն չունեցող անձ, ով աշխատում էր մանկապարտեզում:
«Մեր պացիենտն է, մեր գյուղի բնակիչ: Կարծեմ մանկավարժական կրթություն ունի: Ինձ համար շատ անսպասելի կերպով երեկ 5 հոգով մտել են իմ կաբինետ ու ասել՝ ես այլևս չեմ աշխատում, և իմ փոխարեն նոր մարդ է նշանակված»,- ասաց նա:
Հետագայում պարզվեց, որ նշված անձը Փարպի գյուղի մանկապարտեզի մեթոդիստն է:
Օֆելյա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առողջապահության նախարարությունն ու Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն իրենց ասել են՝ օրենքի խախտում չկա, և ընտանեկան բժիշկներն իրավունք ունեն լինել գյուղական ամբուլատորիաների տնօրեններ:
«Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանն էլ, ով գյուղական ամբուլատորիաների տնօրենների շահերն էր ներկայացնում Առողջապահական և աշխատանքի տեսչությունում, 168.am-ին ասաց՝ օրենքի պահանջը միանշանակ է, և գյուղական ամբուլատորիաներում տնօրենի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես մանկաբույժը, ընտանեկան բժիշկը կամ թերապևտը:
Երեկ վերջապես խնդիրը հանգուցալուծվեց. Մարզային տեսչական մարմնի պետ Գնել Սարգսյանի կարգադրությամբ որոշվել է Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությունը ճանաչել ոչ իրավաչափ և այդ մասին ծանուցել նաև Փարպիի ամբուլատորիայի տնօրեն Օֆելյա Մկրտչյանին:
Սա նշանակում է, որ Օֆելյա Մկրտչյանը կվերականգնվի իր պաշտոնում, իսկ գյուղական մանկապարտեզի մեթոդիստն էլ հավանաբար կզբաղվի իր աշխատանքով և այլևս չի լրացնի բժշկական փաստաթղթեր, չի տրամադրի ուղեգրեր, ինչն արգելված է օրենքով: