Բաժիններ՝

Օշականի ամբուլատորիայի վարիչը հաղթեց Աշտարակի «ասիչ» Թովմաս Շահվերդյանին

Ամիսներ առաջ՝ մարտի 22-ին, 168.am-ը մարզային բուժկենտրոնների նկատմամբ այս իշխանությունների կողմից վարվող հակաօրինական և հակաբարոյական քաղաքականության հերթական դրսևորման մասին էր գրել:

Գրել էինք, որ այս տարվա փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Խնդիրն այն էր, որ տնօրենները նույն ընտանեկան բժիշկներն են: Աշտարակի համայնքապետարանում համարել էին, որ դա օրենքի խախտում է: Տնօրեններին ազատել էին աշխատանքից ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ:

Տնօրեններն այդ որոշումից հետո դիմել են «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ իրենց իրավունքների ոտնահարման հարցով:

Փարպիում ավելի հեռուն էին գնացել, և Փարպիի ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ տնօրենին փոխարինել էին մանկապարտեզի դաստիարակով:

Կարդացեք նաև

Մեր հրապարակումից մոտ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ Աշտարակի համայնքապետի կարգադրությունը չեղարկվել է, և Փարպիի ամբուլատորիայի՝ ընտանեկան բժիշկ նախկին տնօրենը կվերականգնվի:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը, ով գյուղական ամբուլատորիաների տնօրենների շահերն էր ներկայացնում Առողջապահական և աշխատանքի տեսչությունում, 168.am-ին ասել էր՝ օրենքի պահանջը միանշանակ է, և գյուղական ամբուլատորիաներում տնօրենի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես մանկաբույժը, ընտանեկան բժիշկը կամ թերապևտը:

Խնդիրը հանգուցալուծվել էր. մարզային տեսչական մարմնի պետ Գնել Սարգսյանի կարգադրությամբ որոշվել էր Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությունը ճանաչել ոչ իրավաչափ և այդ մասին ծանուցել նաև Փարպիի ամբուլատորիայի տնօրեն Օֆելյա Մկրտչյանին:

Սակայն Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանն իրեն օրենքից վեր էր դասել ու արհամարհել տեսչական մարմնի կարգադրությունը, և այլ բան չէր մնում, քան հարցը լուծել դատական կարգով:

Եվ ահա Դատարանի՝ հուլիսի 7-ի որոշմամբ անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը:

168.am-ի հետ զրույցում Անուշ Պողոսյանն ասաց՝ աշխատանքից ազատված 8 ամբուլատորիաների տնօրեններից իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար հետևողական եղան 5-ը, ովքեր էլ դիմել էին իրենց իրավապաշտպան կազմակերպությանը:

«Հենց այդ 5 տնօրենների հարցով էինք դիմել տեսչական մարմին, որն էլ Աշտարակի համայնքապետի կարգադրագիրը հետ կանչելու որոշում էր կայացրել, ինչը, իհարկե, Աշտարակի համայնքապետն արհամարհեց: Տեղեկություն ունենք, որ վերջինս դատական կարգով է փորձել բողոքարկել տեսչական մարմնի որոշումը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դատական քաշքշուկների ընթացքում 5 տնօրեններից 3-ն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին պայքարել, և միայն 2-ը՝ Օշականի և Փարպիի ամբուլատորիաների տնօրենները, շարունակեցին պայքարն աշխատանքից իրենց ապօրինի ազատման դեմ:

«Երկու տնօրենները որևէ կոմպրոմիսի չգնացին Աշտարակի համայնքապետի հետ և դիմեցին դատարան, որոնցից մեկի հարցով դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել՝ հօգուտ հայցվորի: Օշականի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Նարինե Իգիթյանը կվերականգնվի իր աշխատանքում: Փարպիի ամբուլատորիայի տնօրեն Օֆելյա Մկրտչյանի գործի քննությունն ընթացքի մեջ է»,- ասաց իրավապաշտպանը:

Վերջինս շեշտեց՝ հարցի լուծման համար դիմել են բոլոր հնարավոր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն: Բոլորն ասում էին՝ համայնքի ղեկավարի որոշումն օրինաչափ է:

«Ավելին ասեմ. ամբուլատորիաների փոխտնօրենները հանդիպել էին առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ, և վերջինս բուժվարչության պետի հետ միասին հանգիստ նայել էին նրանց դեմքին ու ասել՝ ոչինչ չենք կարող անել, որովհետև դա համայնքի ղեկավարի որոշումն է: Այսինքն՝ առողջապահության նախարարությունն ընդունում է, որ, օրինակ, մանկապարտեզի մեթոդիստը կարող է բժշկական ամբուլատորիա ղեկավարել, եթե համայնքի ղեկավարն այդպես է որոշել»,- նշեց Անուշ Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս