Ժողովրդագրական ցուցանիշները, փաստորեն, վերադարձել են մինչպատերազմական և մինչհամավարակային ցուցանիշներին. Միքայել Մալխասյան
Պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրությունը ժողովրդագրական տվյալների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ «2023Թ․ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 742 ՄԱՐԴ (+0.02%), ԻՍԿ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԵԼՔԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀՀ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ` +17808»:
«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թ. հունվարին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` նշված ամսում գրանցվել են 3229 ծնունդներ (2022 թ․ համեմատ՝ +12.6%, 2021 թ․` +13.2%, 2020թ.` +17.4%) և 2487 մահեր (2022թ. համեմատ` -10․8%, 2021թ.` -17.5%, իսկ նախակորոնավիրուսային 2020 թ․ համեմատ` -6.3%)։ Ծնելիության գործակիցը 2023թ․ հունվարին կազմել է 12.8, իսկ մահացությանը` 9.9։
Մահացության կտրուկ նվազումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի նահանջով (այս տարվա հունվարին պաշտոնապես ֆիքսվել է 3 դեպք, այսինքն` ընդհանուր մահացության 0.1%-ը, նախորդ տարվա հունվարի համեմատ` -96.4%)։ Հիվանդությունից մահացությունը 2022 և 2021թթ. հունվարին կազմել է համապատասխանաբար 84 և 336 մարդ (ընդհանուր մահացության` համապատասխանաբար 3 և 11.1%-ը)։
Ժողովրդագրական ցուցանիշները, փաստորեն, վերադարձել են մինչպատերազմական և մինչհամավարակային ցուցանիշներին (օրինակ՝ 2019 թ․ հունվարին՝ 3020 ծնունդ և 2707 մահ)։ Այդուհանդերձ, համավարակի երկրորդային ազդեցությունը և մահացած անձի համար թեստի բացակայությունը վիճակագրության մեջ որևէ կերպ գնահատված չէ։
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնակչության բնական հավելաճը 2023թ․ հունվարին կազմել է +742 մարդ, մինչդեռ 2022թ. ցուցանիշը +79 էր, 2021թ.` -160, իսկ 2020թ․` +96։
2023 թ․ հունվարին 16%-ով ավելացել են մահացության արտաքին պատճառներից հարուցված մահվան դեպքերը, ինչը, ի թիվս այլ պատճառների, բացատրվում է հունվարի 19-ի 15 ողջակիզված նահատակների հանգամանքով։
7.8%-ով աճել են շնչառական օրգանների, 8.3%-ով` վարակիչ և մակաբուծային, 4.6%-ով` մարսողական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը։
2022թ. հունվարի նկատմամբ 3.3%-ով նվազել է մեռելածինների թիվը, իսկ 2021թ. համեմատ` 25.6%-ով։
2022թ. հունվարի համեմատ 18.4%-ով ավելացել են ամուսնությունները, և 9.7%-ով նվազել են ամուսնալուծությունների դեպքերը։ 2021թ. համեմատ 16.7%-ով աճել են ամուսնությունները, սակայն, ցավոք, 24.1%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ 3.9 ամուսնության հաշվով գրանցվել է 1 ամուսնալուծության դեպք։
ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը +6267 է (2022թ․ հունվարին՝ -5789), սակայն ՀՀ փաստաթղթերով` +17808 (2022թ․ հունվարին՝ +5933), իսկ ՌԴ քաղաքացիությամբ` -10569, Վրաստանի` +2169, Հնդկաստանի` +232, Բելառուսի` +112, Իրանի` -895, Ֆրանսիայի` -331, Գերմանիայի` -276, Նիդեռլանդների` -259, Իրաքի` -220, ԱՄԷ-ի` -163, Իտալիայի` -150, Եգիպտոսի` -136, Բելգիայի` -128, Կիպրոսի` -118, Շվեդիայի` -116, Մեծ Բրիտանիայի` -116, Հունաստանի` -108, ԱՄՆ-ի` -106, և այլն։
Միևնույն ժամանակ Ռոսստատը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության միջազգային միգրացիայի ցուցանիշները, ըստ այդմ` ՀՀ հետ միգրացիոն մնացորդը 2022թ. կազմել է -10703, իսկ 2021թ.` +45235, ընդ որում` ՀՀ-ն լքողների թիվը շատ քիչ է նվազել` 2022թ. կազմել է 59533` 2021թ. 70078-ի համեմատ, պարզապես 2.8 անգամ աճել է ՀՀ ժամանածների թվաքանակը` 70236 մարդ` նախորդ տարվա 24843-ի փոխարեն»,- Վիճակագրական կոմիտեի տվյալներն է ներկայացրել Միքայել Մալխասյանը: