«Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Դրանից հետո Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը դիմադրությունն է, պայքարը։
«Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում։
Իրականում վիճակը կատաստրոֆիկ է, թշնամին այնպես է անում, որ արցախահայությանն ընկճի, ուզում է նախ սովամահ անել»,-նշեց Աշոտ Սևյանը։
Ըստ ազատամարտիկի, ադրբեջանական կողմն այսպես քիչ-քիչ առաջ է շարժվում՝ խնդիր դնելով ավելի խորացնել դիրքերը դեպի հայկական վերահսկողության տարածքներ։
«Թշնամին ճնշումներով, առաջ շարժվելով՝ ցանկանում է նախ Ստեփանակերտը շրջափակել։ Կարծում եմ՝ լավագույն դեպքում ճանապարհը մի քիչ այդպես պահելու են, ժողովրդին սնանկացնեն, սովամահ անեն։ Չե՞ք տեսնում, նույնիսկ գյուղացիներին չեն թողնում իրենց հողը մշակեն, մշտապես կրակում են։ Հիմա, փակելուց հետո, ճանապարհը սրանք կբացեն այն նպատակով, որ ժողովուրդը լքի Արցախը։ Իսկ վատագույն դեպքում այնքան է ադրբեջանական կողմն այսպես սադրելու, որ վերջում պատերազմ սարքի, ու չեմ էլ ուզում մտածել այն մասին, որ ժողովրդին այնտեղ կկոտորեն»,-հավելեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամենասովորական քաղաքացու համար էլ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ավելին՝ Բերձորի ճանապարհը փակելուց հետո էլ բոլորը գիտեին, որն է թշնամու հաջորդ քայլը, սակայն կա՛մ չուզեցին որևէ բան անել, կա՛մ չկարողացան։
«Չգիտես ինչո՞ւ, որևէ բան անող չկա, թե ինչ պայմանավորվածությամբ են այսպես առաջ գնում, ես չգիտեմ։ Այս ամենը տեսնելով՝ շատ եմ հիասթափվում, պարտադիր չէ ռազմական փորձագետ լինես, որ հասկանաս ամբողջ իրականությունը։
Ստեղծված իրավիճակում միակ ելքը մնումէ դիմադրությունը, Արցախում պայքարում են, միակ բանն այն է, որ չհամաձայնեն Ադրբեջանի պայմաններին ու դիմադրեն։ Եղանակը բացվելուն պես ծառերը կանաչելու են, տեսադաշտ չենք ունենալու, խնդիրն ավելի է բարդանալու։ Թշնամին բարձունքում է, մենք ներքևում ենք, իրենք չդիտարկվող տարածքում են։ Թշնամին ճնշելու է, բայց որտեղ պատասխան հարված ստանա, առաջ չի գալու։ Այսպես օղակը սեղմելով՝ թշնամին գնալու է մինչև ցեղասպանության, եթե այդ դիմադրությունը չլինի»,-եզրափակեց Աշոտ Սևյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։