
«Երբ նախկին իշխանություններին էի քննադատում, այն ժամանակ իրենց համար հերոս էի… թող Ավետարան լավ ընթերցեն». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Ինձ համար ատելի են այն եկեղեցականները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, որոնք կարող են գալ ԱԺ, ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալ, որովհետև ես չեմ գնում եկեղեցի և միտինգներ չեմ անում և այստեղ նույնպես շարժվում եմ ազատության սկզբունքով»,- հարկատուների հաշվին՝ պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի եթերում հնչեցրած այս հայտարարությունների հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն է:
Ալեն Սիմոնյանը նաև նշել է՝ եկեղեցականը չպետք է կանգնի Աստծու և մարդու միջև:
Այս ակնարկները, ի դեպ, ուղիղ առնչվում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, քանի որ հենց նա էր շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից խստորեն քննադատել գործող իշխանություններին:
168.am-ը զրուցեց սրբազան հոր՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, լսեց նրա դիտարկումները:
«Ես ԱԺ ամբիոնը չեմ զավթել. ինձ հրավիրել են, եկել եմ, իմ կարծիքն եմ հայտնել՝ ինչպես ՀՀ որևէ քաղաքացի: Եվ եթե իրեն դուր չի եկել, ի՞նչ անեմ… Ժամանակին, երբ ես նախկին իշխանություններին էի քննադատում և շատ խիստ էի քննադատում, այն ժամանակ իրենց համար հերոս էի. ասում էին՝ սրբազանն այսպիսին պետք է լինի: Այժմ, երբ իրենց եմ քննադատում, հանկարծ դառնում եմ ատելի: Ուրեմն, իրենց մոտ ինչ-որ բան այն չէ: Բա ինչո՞ւ էի իրենց համար հերոս այն ժամանակ, երբ իշխանություններին էի քննադատում Քոչարյանի օրոք, Հանրապետականների օրոք… Այժմ նույն սրբազանը քննադատում է այսօրվա իշխանություններին, և հանկարծ դարձավ ատելի՞»,- արձագանքեց Միքայել արքեպիսկոպոսը:
Հոգևորականի համար ընդունելի չէ նաև ԱԺ նախագահի կողմից գործածված «ատելի» բառը:
«Ես ինչ ասես՝ ասել եմ իրենց, բայց երբևիցե «ատելի» բառը չեմ օգտագործել: Դա շատ լուրջ բառ է. մարդուն ընդհանրապես պետք չէ ատել, առավելևս՝ հոգևորականի: Ես, օրինակ, ոչ մի ատելի մարդ չունեմ՝ ներառյալ իրենք»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Մարդ-Աստված հարաբերությունների մասին դատողությունների փորձերին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատեց, որ դրանք բողոքական աստվածաբանության դրսևորումներն են:
«Եթե ինքը բողոքական է, ապա ազատ է այդպես մտածելու, բայց Հայ Առաքելական եկեղեցին բողոքական եկեղեցի չէ: Եվ հետո՝ քահանան Աստծո և մարդու միջև կանգնած չէ իբրև խոչընդոտ, այլ՝ օգնական, օժանդակող, որպեսզի մարդ-Աստված հարաբերությունը կայանա: Ոչ էլ, ինչպես բողոքականներն են հաճախ շահարկում, իբրև «միջնորդ» չի կանգնած. քահանային Աստծո կողմից տրված են որոշակի լիազորություններ, որոնք իրականացնում է: Թող Ավետարան լավ ընթերցեն. Աստված է ասել՝ ինչ որ կապեք երկրում, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրում, արձակված կլինի երկնքում: Հիմա՝ քահանան չկատարի՞ Աստծո կողմից տրված այս գործառույթը, որովհետև Ալեն Սիմոնյանին հաճելի չէ՞»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը: