Իրական շահառուի կեղծ հայտարարագի՞ր, թե՞ ԲԴԽ-ի «գցված» նախագահ, կամ ինչո՞ւ է զրպարտության հիմքեր տեսնում արդարադատության նախարարը

Մարտի 22-ին Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատավորներին կոչ արեց գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ:

Այդ հայտարարության մեջ Ալեքսանդր Ազարյանը մասնավորապես անդրադարձել էր արդարադատության նախարար-Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգի գործունեությանը:

«Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն և իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն»,- ասել էր Ալեքսանդր Ազարյանը:

Այս հատվածի մեջ Գրիգոր Մինասյանը, պարզվում է, զրպարտության տարրեր է տեսել: Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք համատեղ գույքային շահերն իրենց չեն խանգարում երկու կառույցների փոխհամագործակցության առումով, նախ ենթադրեց, որ երևի լրագրողը մեջբերումն անում է նշված հայտարարությունից:

Կարդացեք նաև

«Սովորություն չունեմ զրպարտության հայցերով հայցադիմումներ ներկայացնել, դատարանում ներկայանալ, բայց այդ առումով հիմքերը կան»,- ասաց Գրիգոր Մինասյանը՝ չմանրամասնելով դրանք, ապա հավելեց՝ որևէ շահերի բախում չկա, պետական լիազորությունների շրջանակ է, և դրանից դուրս գալը նշանակում է օրենքի խախտում:

Միևնույն ժամանակ Գրիգոր Մինասյանը չհերքեց Կարեն Անդրեասյանի հետ ունեցած իր ընկերական ու այլ կապերը:

«Մարդը գործում է իր լիազորությունների և պրոֆեսիոնալիզմի շրջանակներում: Նույն կերպով պետք է գործեն նաև՝ անկախ ընկերական կամ այլ կապերից»,- ասաց արդարադատության նախարար Մինասյանը:

Մինչ Ալեքսանդր Ազարյանի հայտարարության մեջ նշված փաստին անդրադառնալը, որում Գրիգոր Մինասյանը զրպարտության հիմքեր է տեսել, հիշեցնենք՝ այն, որ ԱՆ-ԲԴԽ կառույցների ղեկավարների պաշտոնավարումն իրենց պաշտոններում խնդրահարույց է, 168.amգրել էր դեռևս 2022թ. հոկտեմբերի 5-ին, այն ժամանակ, երբ Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարար չէր, սակայն նախարարի պարտականություններն էր կատարում, և ակտիվորեն խոսակցություններ էին շրջում, որ հենց նա էլ կնշանակվի նախարար:

Հիշեցրել էինք, որ Կարեն Անդրեասյանի հետ փոխկապակցված անձը և Գրիգոր Մինասյանը 2012թ. հիմնադրել են «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («AM» ՍՊԸ), և, որ  ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը, ում բաժնեմասն ընկերությունում 40% է կազմում:

Չենք նսեմացնում կնոջ դերը, ու չենք գնահատում իր՝ որպես տնօրենի կամ մասնագետի գիտելիքները, այլ ֆիքսում ենք «ընդհանուր տնտեսական շահեր» ունենալու փաստը։

Գրել էինք, որ Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումները իրենց ներկայիս պաշտոններում կոռուպցիայի և հովանավորչության դասական օրինակներ են, և, որ այստեղ ակնհայտ շահերի բախում կա, իսկ ասվածի հիմնավորումները հետաքրքրվողները կարող են կարդալ մեր այդ հրապարակման մեջ, որի ակտիվ հղումը տեղադրված է: Եթե մի նախադասությամբ ասենք, շեշտել էինք, որ Գրիգոր Մինասյանը և Կարեն Անդրեասյանը ունեն բիզնես շահեր և չեն կարող գտնվել կարգապահական վարույթներ հարուցող ու քննող կառույցների բուրգերի գագաթներին:

Գրեթե նույն բանն էր ասել նաև Ալեքսանդր Ազարյանն իր հայտարարության մեջ, այսինքն՝ ասել էր, որ նշված երկու պարոնայք ունեն անձնական ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր: Կրկնում ենք, այստեղ է, որ Գրիգոր Մինասյանը զրպարտության տարրեր է տեսել:

Հիմա՝ ըստ էության:

«AM» իրավաբանական ընկերության կայքում գրված է, որ ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը:

168.am-ն ուսումնասիրեց նաև Էլեկտրոնային ռեգիստրի կայքը, որում տեղադրված «AM» ընկերության կանոնադրության հավելվածում կա մասնակիցների ցանկ, համաձայն որի՝ 40-60% բաժնեմասերով համապատասխանաբար ընկերության մասնակիցներ են հանդիսանում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը, և Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Հրապարակում ենք նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքը, ըստ որի՝ այսօրվա դրությամբ «AM իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրենը Եվա Առաքելյանն է՝ 40% բաժնեմասով, իսկ բաժնեմասերի մյուս 60%-ը պատկանում է Գրիգոր Մինասյանին:

Նույն կայքում «AM» ընկերությունն այս տարվա փետրվարի 22-ին լրացրել է նաև իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:

Ըստ այդ հայտարարագրի՝ ընկերության իրական շահառուների թվում միայն երկու անձ կա՝ Գրիգոր Մինասյան և Եվա Առաքելյան:

Սա առավել քան տարօրինակ է և մտահոգիչ, որովհետև Կարեն Անդրեասյանը, ում կինը ներկայումս ընկերության տնօրենն է և բաժնեմասերի 40%-ի սեփականատերը, չի կարող չլինել այդ ընկերության իրական շահառու:

Ի դեպ, իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը քրեորեն պատժելի արարք է:

Կրկնում ենք հարցը՝ ինչպե՞ս կարող է Կարեն Անդրեասյանը չլինել իր կամ իր կնոջ հիմնադրած ընկերության իրական շահառուն:

Կարեն Անդրեասյանն ու Եվա Առաքելյանը ամուսնալուծվե՞լ են՝ հրաժարվելով համատեղ սեփականությունից, երբեք օրինական ամուսիններ չե՞ն եղել, թե՞ ունեն ամուսնական պայմանագիր, ըստ որի՝ ամեն մեկի ունեցածը միայն իրենն է, ու համատեղ կենցաղ ամուսիններ ներկայացողները չեն վարում, ինչը բարդ է պատկերացնել, որովհետև համենայն դեպս Կարեն Անդրեասյանն ու Եվա Առաքելյանը միասին ՔՊ-ականի հարսանիքի մասնակցում են՝ ողջ քաղաքական վերնախավի հետ միասին:

Բացի դրանից, իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում համենայն դեպս Կարեն Անդրեասյանն ու Եվա Առաքելյանը ամուսիններ են:

Մենք չենք պնդում, որ Կարեն Անդրեասյանի՝ «AM» ընկերության իրական շահառուների թվում չհայտնվելը պարտադիր հանցագործություն է, բայց սա փաստ է, որն անպայման պետք է ստուգվի:

Հատկանշական է, որ 2012թ. մայիսի 22-ին Մեդիամաքսի հետ զրույցում Կարեն Անդրեասյանն ասել է, որ իրեն երբեք պետական աշխատանքի մարդ չի համարել:

«Չնայած նրան, որ մինչ այդ տարբեր պետական մարմիններում աշխատելու առաջարկներ շատ եմ ունեցել, երբեք ինձ պետական աշխատանքի մարդ չեմ համարել: Ինձ միշտ հետաքրքրել է աշխատանքը մասնավոր հատվածում, հասարակական կազմակերպություններում, հեռուստատեսությունում: Ավելի ազատ գրաֆիկով աշխատանք եմ սիրել: Պետական պաշտոն ստանձնելն ինձ մոտ միշտ ասոցացվել է  կամ մեծ բեռի, կամ չինովնիկության հետ: Ինձ թվում էր, որ դրան երբեք չեմ համաձայնվի»,- ասել էր Կարեն Անդրեասյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնը համարելով միակը, որը կցանկանար զբաղեցնել:

Նույն այդ հարցազրույցում էլ Կարեն Անդրեասյանը պատմում է իր ընտանիքի, կնոջ մասին, ասում, որ արդեն 9 տարի է՝ ամուսնացած են: Այսինքն՝ հիմա Կարեն Անդրեասյանն ու Եվա Առաքելյանը 21 տարվա ամուսիններ են, իսկ «AM»-ը հիմնադրվել է հենց 2012թ.:

Եվ վերջում… Վերադառնալով Գրիգոր Մինասյանի վառ երևակայությանը: Վերոնշյալ փաստերի համատեքստում որտե՞ղ է վերջինս զրպարտության հիմքեր տեսել, և ինչի՞ մասին էր խոսում լրագրողների հետ ճեպազրույցում, թերևս դժվար է ասել:

Տեսանյութեր

Լրահոս