«Արտաքին ուժերը Փաշինյանին բերել են, որ մեկընդմիշտ փակի Արցախի հարցը. միայն մի ելք կա». Դավիթ Գալստյան

«Արցախում շատ վատ իրավիճակ է, հաշվի առնելով, որ այս օրերին Արցախում սպեկուլյացիան է առաջ գալիս, այսինքն՝ գների աճ է նկատվում: Դա շատ վատ տենդենց է: Եթե իշխանությունները տեղյակ չեն՝ ինչից է, ինչ ճանապարհներով են այդ թանկ ապրանքները մտնում Արցախ, ապա նրանք չեն տիրապետում իրավիճակին: Եթե նրանք տեղյակ են և կրավորական կեցվածք ընդունելով՝ չեն փորձում այս ամենի դեմն առնել, ապա սա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունների հովանու ներքո մարդիկ գերշահույթներ են ստանում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Սոցիալական որևէ ծրագիր չի աճել, ոչ մեկի աշխատավարձը չի աճել, բայց ապրանքների գների եռակի-քառակի տարբերություն կա Գորիս-Ստեփանակերտ շուկայում, և իշխանությունը պետք է այս ամենը կարգավորի: Արցախահայությանը փորձում են այս սոցիալական ծանր վիճակում հասցնել ծայրահեղ վիճակի, որ պարտադրանքի լեզվով երևի հետագայում կարողանան խոսել այս հանրության հետ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կոչվածին՝ Դավիթ Գալստյանն ընդգծեց. «Դա կապիտուլյացիոն պայմանագիր է, քանի որ խաղաղությունը չեն պարտադրում: Խաղաղությունը պետք է կարողանաս ձեռք բերել, և դրա գրավականը ուժեղ, հզոր բանակ ունենալն է:

Ադրբեջանը փորձում է խաղաղություն պարտադրել, և Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով պարտության սիմվոլի իր կեցվածքը, հասկանալի է, որ չի կարող հրաժարվել և ասել՝ այս նախապայմաններով խաղաղություն չի լինելու:

Կարդացեք նաև

Ուղղակի փորձ է արվում ցույց տալ, թե իբր դեմ են Ադրբեջանի վարած քաղաքականությանը, բայց ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար գնալու է միակողմանի զիջումների. դա նրա գործելաոճն է: Նիկոլ Փաշինյանին տարբեր արտաքին ուժեր 2018թ. հենց Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու համար են իշխանության բերել»:

Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն առաջնորդվում ո՛չ Հայաստանի Սահմանադրությամբ, ո՛չ իրենց նախընտրական ծրագրով. «Նրանք փորձում են ստեղծված իրավիճակում մեղավորներ նշանակել, և բազմիցս տեսել ենք, որ երբևէ իրենք իրենց չեն զգացել՝ որպես մեղավոր: 120 հազար հայ շրջափակման մեջ է, բայց Հայաստանի իշխանությունները չեն խոսում իրենց անելիքներից, այլ խոսում են Ադրբեջանի և Ռուսաստանի անելիքներից: Իհարկե, ստորագրված եռակողմ փաստաթղթում Արցախը շահառու է, կողմ չէ, և որպես կողմ ներկայացված է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Փաշինյանի: Շատ հարցեր Հայաստանը փորձում է բարդել մյուս կողմերի վրա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է հայի շահը պաշտպանելուց»:

Պատգամավորը մի ելք է տեսնում ստեղծված իրավիճակից. «Ե՛վ Հայաստանին, և՛ Արցախին օդուջրի պես անհրաժեշտ է իշխանափոխություն, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Այս իշխանություններն ի զորու չեն հայանպաստ դիրքորոշումներ առաջ տանել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս