Բաժիններ՝

Ռեկտորատի որոշման համաձայն՝ խնդրահարույց մասը փոխվելու է. Թատերականի ուսանողները դասադուլը դադարեցրել են

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները երեկ դասադուլ էին անում: Ըստ ուսանողների, բուհի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն արգելել է իրենց դասախոս Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրվել է ժամանակակից հայ գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա: Նրանք կարծում էին, որ արգելքը տեղին չէ։

Լիլիթ Արզումանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ խոսքն ընդամենը կուրսային ներկայացման մասին է, որը բեմում երկու անգամ խաղացել են, իսկ դրանից հետո արձագանքներ է ստացել, որ դա խայտառակություն էր, հայհոյանքներ կան: Այնուհետև հրավիրվել է ռեկտորատի նիստ, հրավիրված են եղել ռեկտորատի անդամները, բոլոր կուրսերի ղեկավարները:

Հարց է դրվել, թե արդյո՞ք կրթական հաստատությունում, ուսումնական թատրոնում պետք է հնչեն հայհոյանքներ: Երկու կետից բաղկացած որոշում է կայացվել՝ այսուհետև անընդունելի համարել ուսանողական թատրոնի բեմից նման արտահայտությունները, հանձնարարվել է ամբիոնի վարիչին՝ դիպլոմային և կուրսային աշխատանքների գրական հիմքերը նախապես քննարկել:

Մեզ հայտնի դարձավ, որ այսօր հրավիրվել է հերթական նիստը, որին մասնակցել են նաև ուսանողները, և հարցը լուծվել է հօգուտ ուսանողների: Այդ ներկայացումը կրկին կլինի բեմում:

Կարդացեք նաև

«Ռեկտորատի որոշման համաձայն՝ խնդրահարույց մասը (բառը) փոխվելու է: Ներկայացումը խաղալու ենք հանդիսատեսի համար, ներկա են գտնվելու նաև հանձնաժողովի անդամները»,- փոխանցեցին ուսանողները:

Ի պատասխան մեր հարցի, թե ո՞վ էր որոշել հենց այդ գրողի տվյալ ստեղծագործության հիման վրա բեմադրել ներկայացում, ուսանողներն ասացին, որ ստեղծագործությունն ուսանողների հետ համաձայնեցրել է կուրսի ղեկավարը և բեմադրել։

Տեսանյութեր

Լրահոս