«Այո՛, մենք այսօր վտանգված ենք, վտանգված է ընդհուպ Երևանը». Հենրիխ Դանիելյան

«Այսօր խորհրդանշական օր է, 100 օր է՝ ինչ փակված է Արցախի կյանքի միակ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:

«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների համար ավելի օրակարգային և օրհասական է բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, քան բացել Հայաստանը և Արցախը իրար կապող միակ ճանապարհը: Ակնհայտ է, որ քանի կա Նիկոլ Փաշինյանը, քանի կա նրա հռետորաբանությունը, որը շատ նման է Ալիևի հռետորաբանությանը, մենք ունենալու ենք նման զարգացումներ և խնդիրներ»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սուվերեն տարածքն է վտանգի տակ, չհաշված այն տարածքները, որոնք շուրջ 2 տարի է՝ օկուպացել է ադրբեջանական զինուժը.

«Այո՛, մենք այսօր վտանգված ենք, վտանգված է ընդհուպ Երևանը, որովհետև մեր հարևան պետության ղեկավարը րոպե չի կորցնում, որպեսզի հայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունը, ընդհուպ՝ Երևանը, նրանց համար Էրիվան է և նրանց պատմական հայրենիքն է: Այդ մարդկանց հետ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, խոսում է դիվանագիտական հաջողությունների մասին: Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք Ալիևի վերջնագրին Նիկոլ Փաշինյանին, դա այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է՝ Հայաստանի 29.000 քառակուսի կիլոմետր տարածքը պահպանվի, պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում, պետք է ընդունի սահմանազատման և սահմանագծման այն պայմանները, որն առաջ է քաշում ադրբեջանական կողմը:

Կարդացեք նաև

Այսինքն, մենք կարող ենք փաստել, որ մեր ունեցած տեղեկությունները, որոնք հրապարակել է մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն մասին, որ Եվրոպայում քննարկումներ են ծավալվել այն մասին, որ անվտանգության և բոլոր հարցերով Արցախի շուրջ պետք է զբաղվի Ադրբեջանը, և Նիկոլ Փաշինյանը դրան համաձայնվել է, այսօր տեսնում ենք, որ դա է ճշմարտությունը, ինչը այս իշխանությունները քողարկում են»:

Տեսանյութեր

Լրահոս