Տարեցների առողջությունն՝ առաջնահերթություն. մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլան

Հայաստանում ՀՀ առողջապահության նախարարության պատվերով մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլան ու գործողությունների ծրագիր: Դեմենցիան՝ ծերունական թուլամտությունը, համախտանիշ է, որն ազդում է հիշողության, մտածողության, վարքի և առօրյա գործողություններ կատարելու կարողության վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հոգեբուժության գծով ՀՀ առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Գևորգ Փաշայանը նշեց, որ այն հիմնականում նախածերունական և ծերունական շրջանում հանդիպող հիվանդություն է:

«Տարածվածությունը բավական մեծ է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Կարող եմ ասել, որ մեր երկրում խնդիրն ակտուալ է և դեմենցիա ունեցող անձանց քանակը տարեց տարի ավելանում է, ինչը պայմանավորված է բնակչության ծերացմամբ, տարբեր սոմատիկ հիվանդություններով, որոնք ունենում են խրոնիկ ընթացք, վերջում բերում են դեմենցիայի: Դրա վառ օրինակն անոթային խնդիրներն են, զարկերակային բարձր ճնշումը, որը չկառավարելու դեպքում առաջացնում է նաև դեմենցիա», -ասաց Գևորգ Փաշայանը:

Մասնագետը նշեց, որ դեմենցիան չբուժվող հիվանդություն է, բայց պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այն կանխարգելելու համար, որպեսզի այդ պրոցեսը հնարավորինս դանդաղեցվի, կազմակերպվի նորմալ բուժում՝ տարեցների մոտ ապահովելով կյանքի որակի բարձրացում:

Ահա կանխարգելման ու հիվանդության հետևանքների մեղմացման նպատակով էլ մշակվել է ազգային պլան, որը նախանշում է առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները: ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը նշեց, որ աշխատանքներ են նախատեսված մի շարք ուղղություններով:

«Նախ հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր ունենք: Շատերը չգիտեն, թե դեմենցիան ինչ համախտանիշ է: Իրենց ծնողների, հարազատների մոտ ի հայտ են գալիս որոշ առողջական հարցեր, հիշողության հետ կապված երևույթներ ու շատերը դա կապում են ծերության հետ: Այնինչ, դա համախտանիշ է և պետք է մասնագետները աշխատեն բուժառուի հետ: Այսինքն՝ մենք նպատակ ունենք բարձրացնել այս հիվանդության տեսանելիությունը, որպեսզի մարդիկ դիմեն բժշկին»,-ասաց Քրիստինե Գալստյանը:

Ազգային պլանով նախատեսված աշխատանքների մյուս ուղղվածությունը բուժանձնակազմին վերապատրաստելն է: Բժշկական անձնակազմը ևս պետք է համապատասխան կարողություն ու գիտելիքներ ունենա բուժառուին պատշաճ բուժօգնություն ցույց տալու համար:

Հաջորդ նպատակը բուժառուների ընտանիքի անդամների, խնամատարների կարողությունների բարձրացումն է: Մասնագետն ընդգծեց, որ սա կարևոր օղակ է, որովհետև միայն բժշկի խնամքով արդյունքը բավարար չի լինի, խնամատարները ևս մեծ անելիք ունեն:

Տարեցների հետ աշխատող, նրանց համար ծրագրեր իրականացնող «Ալցհայմերի խնամք- Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը կարևորեց դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի մշակումը՝ ավելացնելով, որ սպասված քայլ է:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետազոտվողների 35,7 տոկոսը ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում: Եթե ժամանակին դիմեն բժշկին, ապա կարող են իրավիճակը շտկել այնպես, որ հնարավորինս ուշ զարգանա հիվանդությունը, այսպիսով` կանխարգելելով այս հիվանդությունն իր դրսևորումներով»,-ասաց Օֆելյա Կամավոսյանը:

Մասնագետները կարևորում են նաև տարեցների զբաղվածության հարցը: «Ալցհայմերի խնամք- Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվում են համապատասխան հարթակներ տարեցների զբաղվածության խնդիրն ինչ-որ ձևով լուծելու համար: «Լոֆթ» կենտրոնի հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում բացվել է հարթակ, որտեղ յուրաքանչյուր չորեքշաբթի կարող են տարեցներն այցելել, զբաղվել, դասընթացների մասնակցել: Ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ներգրավելով նաև մարզերին:

Տեսանյութեր

Լրահոս