Հայաստանի «ավտոարտադրության» գաղտնիքը. ավտոմեքենաների արտադրությունը Հայաստանում 11,8 անգամով ավելացել է

Շատերին կարող է թվալ, թե վերնագրում սխալ կա։ Բայց չէ՝ սխալ կամ անճշտություն չկա. սա պաշտոնական վիճակագրության արձանագրում է։

Ըստ դրա, այս տարի Հայաստանում ավտոմեքենաների արտադրությունը 11,8 անգամով ավելացել է։

Հազիվ թե որևէ մեկը կարողանա ասել, թե Հայաստանում ի՞նչ ավտոմեքենաներ են արտադրվում։ Բայց դատելով պաշտոնական վիճակագրության այս արձանագրումից, արտադրվում են։ Եվ ոչ միայն արտադրվում են, այլև արտադրության ծավալներն անգամներով են ավելանում։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա հունվարին Հայաստանում 13,8 մլն դրամի ավտոմեքենա է արտադրվել, ինչը 11,8 անգամով ավելի է եղել անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից։

Այսինքն՝ անցած տարի էլ է Հայաստանում ավտոմեքենա արտադրվել, բայց դարձյալ չենք իմացել։ Ոչինչ, որ դրանց արտադրության ծավալն անցած տարվա հունվարին կազմել է ընդամենը 1,2 մլն դրամ կամ 2-3 հազար դոլար։

Թե այդ ի՞նչ ավտոմեքենաներ են արտադրել, որոնց արտադրության ծավալը եղել է 1,2 մլն դրամ, մնում է միայն ենթադրել։

Անցած տարվա հունվարի պաշտոնական վիճակագրության մեջ ավտոմեքենաների արտադրության վերաբերյալ որևէ ցուցանիշ չկա։ Բայց այս տարի որոշել են ներառել։ Հավանաբար շատ են ուզեցել աշխարհին ցույց տալ, թե Հայաստանում նաև ավտոմեքենաներ են արտադրում։ Կարևոր չէ, որ արտադրության ծավալները նույնիսկ մեկ մեքենայի գնին չեն հասնում։ Կարևորը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանը դարձել է ավտոմեքենա արտադրող երկիր։ Չնայած ծիծաղելի ծավալներին, որոշել են այն ներառել վիճակագրության մեջ։

Հայտնի է, որ դեռ 2020թ. մեծ շուքով հայտարարվեց Հայաստանում հայ-կորեական ավտոբուսների արտադրություն կազմակերպելու մասին։ Կառավարությունը նույնիսկ գումար հատկացրեց դրան՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում ավտոբուսներ արտադրելու համար։

Բայց այդ ավտոբուսներն այդպես էլ չարտադրվեցին։ Ծրագիրն էլ, հայտնի չէ, թե ինչ եղավ։

Թեպետ խոսքն ավտոբուսների ոչ թե արտադրության, այլ ընդամենը պահեստամասերի ներկրման ու Հայաստանում հավաքման մասին էր, դա էլ չհաջողեցին։

Մինչ տարեսկզբին ունենք անհայտ ծագման ավտոարտադրության անգամներով աճ, արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր գտնվել են կոլապսային վիճակում։ Արտադրության ծավալները մեծ տեմպերով նվազել են։

Դա վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերությանը, որը սկսել էր կրճատվել դեռևս անցած տարվա կեսերից, այլև մշակող արդյունաբերության բազմաթիվ ոլորտներին։

Արտադրության ծավալները հունվարին կրճատվել են մասնավորապես մշակող արդյունաբերության երկու առանցքային հատվածներում՝ սննդամթերքի և խմիչքների արտադրության մեջ։ Առաջինը նվազել է՝ 5,3, երկրորդը՝ 12,4 տոկոսով։

Նշենք, որ այս երկու հատվածներին բաժին է ընկնում մշակող արդյունաբերության թողարկումների 40-45 տոկոսը։

Մսի արտադրությունը նվազել է գրեթե 15 տոկոսով։ Տասը տարի առաջ Հայաստանում ավելի շատ միս էր արտադրվում, քան արտադրվել է այս տարի։

Պարզ է, չէ՞, թե ինչու է տեղական միսն այդքան թանկացել. արտադրության ծավալներն են կրճատվել։

Երշիկեղենի և համանման մթերքների արտադրությունը նախորդ տարվանից պակաս է եղել ավելի քան 16 տոկոսով, մսից կիսապատրաստվածքներինը՝ շուրջ 64 տոկոսով։

Շարունակել է կրճատվել հացի արտադրությունը, չնայած սա նոր բան չէ։ Վերջին տարիներին հացի արտադրությունն անընդմեջ նվազում է։ Իսկ թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ՝ նվազում է սպառողների քանակն ու սպառումը։

Ձավարեղենի արտադրությունը նվազել է գրեթե 41 տոկոսով։ Թեև ավելի քիչ, բայց կրճատվել է նաև մակարոնեղենի արտադրությունը՝ 1,7 տոկոսով։ Շոկոլադի և հրուշակեղենի արտադրության ծավալները պակասել են 15 տոկոսով։

Կատաստրոֆիկ նվազել է տեղական կերակրի աղի արտադրությունը՝ նախորդ տարվանից 66 տոկոսով պակաս աղ է արտադրվել։

Խմիչքների պարագայում ակնհայտ է կոնյակի արտադրության անկումը։ Մշակող արդյունաբերության այս առանցքային ճյուղում արտադրության ծավալներն իջել են ավելի քան 31 տոկոսով։ Օղու, լիկյորի և այլ խմիչքների արտադրությունը 80 տոկոսին մոտ անկում է գրանցել։

Գրեթե 35 տոկոսով կրճատվել է մրգահյութերի ու բանջարահյութերի արտադրությունը։

Այսպիսին են միտումները նաև մշակող արդյունաբերության բազմաթիվ այլ ճյուղերում։ Դրանք կրում են՝ ինչպես իրականացվող տնտեսական, այնպես էլ՝ ֆինանսական քաղաքականության ազդեցությունը։ Դրամի մեկ տարի շարունակ տեղի ունեցող արժևորումը տեղական արտադրությանը վնասում է ոչ միայն արտաքին, այլև ներքին շուկայում։ Այդ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ներմուծումն ավելի շահավետ է դարձել տեղական արտադրությունից։ Նաև դա է պատճառը, որ տեղական արտադրողը, չկարողանալով դիմանալ մրցակցությանը, ստիպված է լինում նվազեցնել արտադրության ծավալները։ Դրամի ամրապնդումը լուրջ խնդիրներ է ստեղծում տեղական արտադրողների համար նաև արտաքին շուկաներում։ Թանկանում է ապրանքների ինքնարժեքը՝ նվազեցնելով դրանց իրացման հնարավորությունները։

Չնայած այս ամենին, մինչև հիմա իշխանությունները ոչինչ չեն արել տեղական արտադրողին օժանդակելու համար, չեն էլ պատրաստվում անել, թեև տարադրամի էժանացումը պահպանվում է՝ մեծացնելով ներմուծվող ապրանքների ազդեցությունը տեղականի վրա։

Աղի արտադրությունը, որը վերջին մեկ տարում 66 տոկոսով կրճատվել է, այդ ազդեցության տիպիկ օրինակն է։ Ներմուծվող աղն աստիճանաբար ներքին շուկայից դուրս է թողնում տեղական արտադրողին։

Բայց խնդիրը միայն աղին չէ, որ վերաբերում է։ Բազմաթիվ տեղական արտադրողներ կանգնած են նույն խնդրի առաջ ու փորձում են դիմանալ ստեղծված դժվարություններին։ Այլ հարց, թե որքա՞ն կկարողանան։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս