«Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամին կրակում է». Ազնավուր Սաղյան

Արդեն 95-րդ օրն է, Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից։ Նույնիսկ փետրվարի 22-ին Հաագայի միջազգային դատարանի ընդունած որոշումից հետո Ադրբեջանը չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ադրբեջանն արհամարհում է Հաագայի միջազգային դատարանի այն որոշումը, որով պարտավորեցրել էին ապաշրջափակել Արցախը։

Չնայած շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին, արցախահայությունը շարունակում է  ապրել իր հողում, ավելին՝ ճանապարհը փակվելուց առաջ, այն արցախահայերը, որոնք գտնվում էին Հայաստանում, դիմել են Կարմիր խաչին և նրա միջնորդությամբ տեղափոխվել են Արցախ։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ղեկավար Ազնավուր Սաղյանը շեշտեց, որ ապրելով շրջափակման պայմաններում՝ որևէ բնակչի մտքով չի անցնում լքել Արցախը։

«Մարդիկ սկսել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, գարնանացան ենք անում։

Կարդացեք նաև

Կյանքն էլ անցնում է այնպես, ինչպես բլոկադայում։ Հետևաբար՝ նման պայմաններում առաջացող բոլոր խնդիրները չենք կարողանում լուծել, որովհետև դրանց լուծումը բազմաթիվ հանգամանքների հետ է կապված։ Բայց դե ոչինչ, մասամբ դրանք կարողանում ենք լուծել։

Մարտունի քաղաքում հաստատակամ են, իրենց հողը սիրում են, պինդ կանգնած են»,- նշեց Ազնավուր Սաղյանը։

Մարտունու քաղաքապետի խոսքով՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում թշնամին, բնականաբար, իր «ոճի»  մեջ է՝ մշտապես կրակում է։

«Իհարկե, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամին կրակում է, այդ պահին աշխատանքները դադարեցնում ենք, հետո նորից շարունակում»,- հավելեց Ազնավուր Սաղյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս