«Կամավոր ատեստավորում անցած կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կշարունակեն աշխատել դպրոցում». Փաշինյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստում գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին «օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:

Անդրեասյանի խոսքով՝ ներկայացված նախագծով կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում մտնում են վերջնական փուլ.

«Ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը՝ հստակ անելիքներով, արդյունքային ցուցանիշներով, պատասխանատու կառույցներով և ժամկետներով…

Գործողությունների պլանով նախատեսված է, որ մենք Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում կունենանք գործող, որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին կհասնի 156-ի:

Կարդացեք նաև

Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսում ենք ապահովել մսուրի ծառայությունը՝ 0-2 տարեկան երեխաների համար, որը նաև էական դրական ազդեցություն կունենա կանանց աշխատանքի հավելյալ հնարավորությունների վրա:

Կրեդիտային համակարգով աշխատող դպրոցների մասնաբաժինը, որի ներդրումը սկսել ենք այս տարի, կհասցնենք 90 տոկոսի, հնարավորություն ընձեռելով, որպեսզի աշակերտներն իրենց հավաքած կրեդիտներով շարունակեն ուսումնառությունը բուհերում:

2030 թվականին պլանավորում ենք, որպեսզի մեր բոլոր դպրոցներում տարրական դասարանների երեխաները օգտվեն դպրոցական սննդի ծրագրից:

Քոլեջներում և ուսումնարաններում կներդրվեն մասնավոր ոլորտի մասնագետների ներգրավման ճկուն մեխանիզմներ, գործնական դասավանդման նպատակով կստեղծվեն 10 ռեսուրսային կենտրոններ բոլոր մարզերում: Քոլեջների կառավարումը կիրականացնենք մասնավորի հետ համատեղ, որի փորձն արդեն իսկ ունենք։

Նախատեսում ենք բուհական ոլորտում ունենալ խոշորագույն ռեֆորմ, մասնավորապես, պետական ֆինանսավորման բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական, հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվի:

Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք»:

Նախարարն անդրադարձավ նաև դպրոցներում ուսուցիչների ատեստավորման գործընթացին.

«Այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների, բոլոր առարկաների ուսուցիչները: Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ կկարողանանք դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել: Նշեմ, որ երեկվանից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար, և արվեստի, մարզադպրոցների մանկավարժները երեկվանից արդեն ունեն հնարավորություն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու:

Գործընթացը մեկնարկել է նաև մանկապարտեզների համար, մարտի 9-ից մենք ընդունում ենք նաև մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ հավելեց, որ ատեստավորման գործընթացը շատ լավ հնարավորություն է նաև կենսաթոշակի անցած մանկավարժների համար.

«Այս օրենքի փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն, նախ՝ իրենց աշխատավարձը կբարձրանա, այլ կարգի մտավախությունները կփարատվեն, նաև ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ  հնարավորությունը նույնպես կօգտագործենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս