Իսրայելական ավիաբազայից կատարված 92 թռիչքները վկայում են դեպի Ադրբեջան զենքի արտահանման մասին․ «Ազգ»
* «Haaretz»-ի լրագրողական հետաքննությունը պարզել է մի քանի տասնյակ բեռնափոխադրող թռիչքների փաստը Բաքվից Իսրայելի այն օդանավակայան, որն օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար:
* Իրազեկ աղբյուրների համաձայն, Իսրայելն Ադրբեջանին վաճառում է միլիարդների զենք եւ զինամթերք, փոխարենը ստանալով նավթ եւ հասանելություն Իրանին:
* Վերջին շրջանում սրվել են Ադրբեջանի հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի հետ:
Ադրբեջանական «Silkway» (Մետաքսի ճանապարհ) ավիաընկերության ԻԼ-76 ինքնաթիռը Իսրայելի երկնքում: Պարբերաբար վայրէջք է կատարել Օվդայում: Լուսանկարը՝ Յարդեն Անտեբիի
Անցած հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Էյլաթից հյուսիս գտնվող իսրայելական օդուժի Օվդա բազայում: Սովորականի պես երկու ժամ բազայում անցկացնելուց հետո Իլյուշին 76 ինքնաթիռը օդ բարձրացավ, կտրեց անցավ կենտրոնական Իսրայելը, թռավ դեպի հյուսիս՝ Թուրքիայի վրայով, ապա արեւմուտք եւ վայրէջք կատարեց որտեղից թռել էր՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Իսրայելական Օվդա ավիաբազայից Բաքու կատարվող բեռնափոխադրող ավիաթռիչքներ. Լուսանկարը՝ Յարդեն Անտեբի
Օվդայից ադրբեջանական ավիաբազա պայթուցիկ նյութեր տեղափոխելու Իսրայելի թույլտվությունը «Silkway» ավիաընկերությանը:
Հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա հիմնված «Haaretz»-ի իրականացրած հետաքննությունից երեւում է, որ անցած յոթ տարիների ընթացքում ադրբեջանական «Silk Way Airlines» (Մետաքսի ճանապարհ) ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռները 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի Օվդա ավիաբազայում, որը երկրում միակ օդանավակայանն է, որտեղից հնարավոր է պայթուցիկ նյութեր արտահանել կամ ներմուծել երկիր:
Ադրբեջանի նախագահ Ալիեւը իսրայելական «Սպայկ» հրթիռների եւ «Հանիթ» հրետանու ֆոնին:
Արդեն երկու տասնամյակ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են: Իսրայելը շիա մեծամասնություն ունեցող երկրին միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է վաճառում, դրա փոխարեն փաստացի ստանալով նավթամթերք եւ հասանելություն Իրանին:
Արեւմտյան լրատվամիջոցների զեկույցների համաձայն, Ադրբեջանը Իսրայելի գաղտնի ծառայությանը՝ Մոսադին թույլ է տվել իր տարածքն օգտագործել իր հարավային հարեւան Իրանին դիտարկելու համար եւ անգամ պատրաստ է օդանավակայան տրամադրել, եթե Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Տվյալներ կան, որ երկու տարի առաջ Իրանի միջուկային արխիվը հափշտակած Մոսադի գործակալները այն հենց Ադրբեջանի տարածքով են տեղափոխել Իսրայել: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Իսրայելը տարիներ շարունակ իրենց վաճառել է նորագույն եւ արդյունավետ սպառազինության համակարգեր՝ ներառյալ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության եւ պատերազմ մղելու էլեկտրոնային համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր եւ այլն:
Օվդա օդային բազան, Իսրայել, Էյլաթի մոտակայքում: Արբանյակային լուսանկարներ:
«Silk Way Airlines»-ը Ասիայի ամենամեծ ավիաբեռնափոխադրող ընկերություններից է, եւ, համաձայն պաշտոնական փաստաթղթերի, աշխարհի տարբեր պաշտպանական գերատեսչությունների ենթակապալառու է հանդիսանում: Ավիաընկերությունը Բոինգ 747 բեռնատար ինքնաթիռներով շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի եւ «Բեն-Գուրիոն» միջազգային օդանավակայանի միջեւ, իսկ անցած տարի այն երրորդ խոշորագույնն էր Բեն-Գուրիոնից իրականացրած միջազգային բեռնափոխադրումների ծավալներով:
Հետաքննության մեջ ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ 2016թ. ի վեր «Silk Way Airlines»-ի ինքնաթիռները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Օվդա օդանավակայանում, ինչը խիստ տարօրինակ է քաղաքացիական բեռնափոխադրող ինքնաթիռների համար: «Silk Way»-ը Օվդայում վայրէջք կատարող հազվագյուտ ավիափոխադրողներից է. տարիների ընթացքում պայթուցիկ նյութեր տեղափոխող ընդամենը մի քանի արեւելաեվրոպական ավիաընկերություններ են վայրէջք կատարել եւ օդ բարձրացել այս օդանավակայանից: 2018թ. «Silk Way»-ը հայտնվեց անգամ չեխական լրատվամիջոցների հետաքննական զեկույցի կենտրոնում, որում պնդում կար, որ սպառազինությունը, որն արգելված էր վաճառել Ադրբեջանին, այնուամենայնիվ հասել էր այնտեղ Իսրայելի միջոցով զենքի էմբարգոն շրջանցող գործարքի արդյունքում:
Ավիացիոն արդյունաբերության աղբյուրների համաձայն, Իսրայելի ավիացիոն օրենսդրությունն արգելում է Բեն-Գուրիոն օդակայանից պայթուցիկ նյութերով բեռնավորված ինքնաթիռների թռիչքները, քանի որ այդ օդանավակայանը տեղակայված է խիտ բնակեցված տարածաշրջանի հենց սրտում: Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է արտահանել կամ ներմուծել պայթուցիկ նյութեր, Իսրայելի Օվդա ավիաբազան է, պնդում են աղբյուրները: 2013թ հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը հատուկ փաստաթուղթ ստորագրեց, որը բացառության կարգով թույլ էր տալիս «Silk Way»-ի ինքնաթիռներին Օվդայից թռչել Բաքվի արվարձաններում գտնվող ռազմական ավիաբազա՝ բեռնավորված պայթուցիկ նյութերով, որոնք դասակարգվում էին որպես «թռիչքային ճանապարհով փոխադրելու համար արգելված վտանգավոր նյութեր»: Փաստաթուղթն այդ ժամանակ տեղադրվեց Քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում. այնտեղ պահանջվում էր պահպանել հստակ անվտանգային նորմեր, միեւնույն ժամանակ ներառվում էր ադրբեջանական այն ինքնաթիռների ցանկը, որոնց թույլատրվում էր պայթուցիկ նյութերով բեռնավորված նման թռիչքներ իրականացնել Օվդայից դեպի Ադրբեջան:
Փաստաթղթի հրապարակումից ի վեր «Silk Way»-ի (եւ այլ ավիաընկերությունների) ինքնաթիռները մոտ 100 անգամ վայրէջք են կատարել Օվդայում: Առկա տվյալներից երեւում է թռիչքների աճի տեմպերը հատկապես 2016-ի կեսերին, 2020-ի եւ 2021-ի վերջերին, ինչը համընկնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակահատվածների հետ: Ադրբեջանն ու Հայաստանը 20-րդ դարի սկզբից ի վեր բազմիցս պատերազմել են այդ վիճելի տարածքների համար, ինչն ավելի սրվեց, երբ Սովետական Միության փլուզման հետեւանքով երկու երկրներն անկախություն ձեռք բերեցին:
Այս թռիչքների մի մասը Օվդայում վայրէջք են կատարել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հատուկ դիմումով: 2016-ին «Silk Way»-ի համար եւս մեկ բացառություն արվեց. ընկերության ինքնաթիռներին թույլատրվեց շարունակել վայրէջք կատարել Օվդայի օդանավակայանում, թեպետ ավիաընկերության ինքնաթիռները չէին համապատասխանում Իսրայելի ավիացիոն օրենսդրությամբ ամրագրված աղմուկի թույլատրելի չափանիշներին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ
Լեռնային Ղարաբաղը անկլավներից ամենահայտնին է, որ պատմության ընթացքում բազմիցս հանգեցրել է բախումների Ադրբեջանի եւ Հայատանի միջեւ: Խորհրդային Միությանը առերեւույթ ժամանակավորապես հաջողվեց հաշտեցնել մարզի քրիստոնյա հայ բնակչությանն ու շիա մահմեդական ադրբեջանցիներին, սակայն 1988թ. ինքնավար մարզի խորհրդարանը Ադրբեջանից անջատվելու եւ Հայաստանին միանալու հանրաքվե անցկացրեց: Սա հանգրեցրեց Բաքվի եւ Ադրբեջանի մի շարք այլ քաղաքների հայ բնակչության ջարդերին:
Սովետական Միության փլուզումից հետո հակամարտությունը վերածվեց բաց եւ արյունալի պատերազմի, որն ավարտվեց Հայաստանի հստակ հաղթանակով: Հայաստանը վերահսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա որոշ տարածքների նկատմամբ: Երկու կողմից մի քանի հարյուր հազար մարդ վտարվեցին տներից կամ ստիպված եղան փախչել՝ փրկելով սեփական կյանքը:
Հակամարտության հետեւանքով երկու կողմերն ընկան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տնտեսական սանկցիաների եւ արտահանման սահմանափակումների տակ:(*) Իր հորից՝ Հեյդար Ալիեւից նախագահի պաշտոնը ժառանգելուց հետո Իլհամ Ալիեւը սկսեց երկիրը կառավարել ռեպրեսիվ մեթոդներով. Ալիեւի ռեժիմը քաղաքացիական իրավունքների ճնշման եւ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների երկար պատմություն ունի: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի՝ 2017թ. հրապարակած զեկույցը պնդում էր, որ երկրում ԼԳԲՏ համայնքը ծանր վիճակում է. նրանց հետապնդում են, խտրականության ենթարկում, նրանք անհայտ կորչում են, ձերբակալվում, խոշտանգվում եւ սպանվում:
Ադրբեջանի նկատմամբ կիրառված սանկցիաները անսպասելիորեն բիզնես եւ ռազմավարական հնարավորություններ ստեղծեցին նոր դաշնակցի՝ Իսրայելի համար: Փաստը, որ երկու երկրների համար էլ Իրանը համարվում է գոյաբանական սպառնալիք, միայն ամրապնդեց այս կապը: Ադրբեջանն անկախություն հռչակեց 1991թ. հոկտեմբերին, եւ Իսրայելը, առաջիններից մեկը, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, արդեն 1993-ին Բաքվում դեսպանություն հիմնեց:
«Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները զուսպ, բայց բավականին սերտ են»,- 2009թ. մի հեռագրում գրել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ռոբ Գարվերիկը, ինչը հանրայնացվեց Վիքիլիքսի փաստաթղթերի շարքում: «Երկու երկրներից յուրաքնաչյուրն ի վիճակի է ըմբռնել մյուսի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունը եւ երկուսն էլ Իրանը դիտարկում են որպես իրենց գոյությանն անվտանգային սպառնալիք: Իսրայելի բարձր մակարդակի պաշտպանական արդյունաբերությունն ու այդ երկրի հանդուրժողական վերաբերմունքն իր հաճախորդների բազայի նկատմամբ, լիովին համապատասխանում են Ադրբեջանի ռազմավարական կարիքներին, որոնք ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի կողմից մնում էին հիմնականում չբավարարված՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված զանազան պատճառներով: Այս համագործակցությունը, որն Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից պատկերավոր նկարագրվել է որպես սառցաբեկոր, որի ինը տասներորդը ջրի տակ է, նշանավորվում է նաեւ Իսրայելի կողմից Ադրբեջանի քաղաքական կարիքները սթափ գիտակցելով եւ իրատեսորեն ընդունելով հրապարակավ ու միջազգային ֆորումներում Իսլամական համագործակցության կազմակերպությանը հարելու՝ Ադրբեջանի քաղաքական գիծը:
Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում հիմնված է նավթի եւ գազի արդյունահանման վրա, եւ, որպես այս ռազմավարական համագործակցության բաղկացուցիչ, այն դարձել է Իսրայելի համար նավթամթերքի հիմնական մատակարարը: Համաձայն հաշվարկների, Իսրայելի կողմից ներկրվող նավթի մոտավորապես կեսը գալիս է Ադրբեջանից:
Անկախության առաջին տարիներին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ապավինում էին հիմնականում խորհրդային զինանոցին, սակայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով, 2016 թվականից իրավիճակը փոխվեց, եւ Ադրբեջանի զինանոցի մոտ 70 տոկոսն այսօր մատակարարում է Իսրայելը:
Ադրբեջանից տարածվող պաշտոնական զեկույցները, հայտարարություններն ու տեսանյութերը ապացուցում են, որ Իսրայելը Ադրբեջանին տրամադրել է սպառազինությունների լայն տեսականի, «Տավոր» ավտոմատներից մինչեւ ամենաբարդ համակարգեր, օրինակ ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային եւ բալիստիկ հրթիռներ, նավեր, անօդաչու թռչող սարքերի լայն տեսականի՝ հետախուզականից մինչեւ հարձակողական: Իսրայելական ընկերությունները Ադրբեջանին մատակարարում են նաեւ ժամանակակից լրտեսական սարքավորումներ՝ «Verint»-ի կապի համակարգերի մոնիտորինգի սարքավորումներից մինչեւ «NSO Group»-ի «Pegasus» լրտեսական ծրագրեր՝ գործիքներ, որոնք օգտագործվել են նաեւ երկրի ներսում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների եւ իրավապաշտպան ակտիվիստների դեմ:
Իսրայելական սպառազինությունը կարեւոր դեր խաղաց 2016 թ. քառօրյա պատերազմի ընթացքում եւ հատկապես 2020 թ. Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, նաեւ 2022 թ. մարտերում: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիաների եւ բարձր ճշգրտության սպառազինության, այդ թվում Իսրայելում արտադրված անօդաչու թռչող սարքերի հմուտ օգտագործումը կարեւոր դեր խաղաց ռազմական հաղթանակի հասնելու գործում: Վստահ եմ, որ Հայրենական այս պատերազմից հետո մեր երկկողմ կապերը տարբեր ոլորտներում էլ ավելի կամրապնդվեն եւ կխորանան»,- 2021 թ. ապրիլին Իսրայելի «Հայոմ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով, Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումը սկսվել է 2005թ. Իսրայելի ռազմական արդյունաբերության «IMI Systems»-ի «Lynx» բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի վաճառքով, որի հեռահարությունը 150 կմ է (92 մղոն): «IMI»-ը, որը 2018 թ. վաճառվեց «Elbit Systems»-ին, մատակարարել է նաեւ «LAR-160» տեսակի թեթեւ հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարությամբ, որոնք, ըստ «Human Rights Watch»-ի զեկույցի, չնայած արգելքին, Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են քաղաքացիական բնակչության դեմ կասետայի զենքեր կիրառելու նպատակով:
Հայաստանն էլ ռուսական արտադրության կասետային զենքեր է օգտագործել, եւ բնակելի թաղամասերում այսօր էլ մեծ քանակությամբ չպայթած զինամթերք կա: Ի դեպ, Իսրայելը, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն ստորագրել 2008թ. 123 երկրների ստորագրած Կասետային զինամթերքի մասին միջազգային կոնվենցիան, որն արգելում է կասետային զինամթերքի մշակումն ու օգտագործումը:
2007թ. Ադրբեջանը պայմանագիր ստորագրեց «Aeronautics Defense Systems»-ի հետ չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու վերաբերյալ: Դա առաջինն էր հետագա բազմաթիվ գործարքներից: 2008-ին Ադրբեջանն «Elbit Systems»-ից գնեց 10 «Hermes 450» անօդաչու թռչող սարք եւ «Rafael Advanced Defense Systems»-ի 100 «Spike» հակատանկային հրթիռ, իսկ 2010-ին գնեց եւս 10 անօդաչու թռչող սարք:
«Elbit»-ին պատկանող «Soltam Systems»-ը Ադրբեջանին վաճառեց «ATMOS» հրետանային ինքնագնացներ եւ 120 միլիմետրանոց «Cardom» ականանետեր, իսկ 2017-ին Ադրբեջանի զինանոցը համալրվեց ավելի առաջադեմ «Hanit» ականանետներով: Վիքիլիքսի գաղտնազերծած մի հեռագրի համաձայն՝ «Tadiran»-ից առաջադեմ կապի սարքավորումների ձեռքբերման պայնագիրը եւս ստորագրվել է 2008թ.:
Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի հասան, երբ 2011թ.ստորագրվեց 1,6 մլրդ դոլարի պայմանագիր, որը ներառում էր ինքնաթիռների եւ հրթիռների հարվածող «Barak» հրթիռերի մարտկոցներ, «Searcher» եւ «Heron» անօդաչու թռչող սարքեր «Israel Aerospace Industries» (IAI)-ից: Տվյալներ կան, որ 2020թ. Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին մոտ հենց «Barak» հրթիռով է խոցվել Հայաստանի արձակած Իսկանդեր բալիստիկ հրթիռը:
«Aeronautics Defense Systems» ընկերությունը սկսել է համագործակցել նաեւ Ադրբեջանում զենքի տեղական արտադրողի հետ. արդյունքում մոտ 100 «Orbiter kamikaze» անօդաչու թռչող սարքեր են արտադրվել, դրոններ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարն անվանեց «հայկական զինված ուժերի մղձավանջ»: 2021թ. «Aeronautics Defense Systems»-ի դեմ մեղադրանք առաջադրվեց իր լավագույն հաճախորդներից մեկի հետ գործարքում սպառազինության արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Այդ գործով դատարանի կողմից կայացվել է կալանքի որոշում, ինչը խոչընդոտում է գործի հետագա մանրամասների հրապարակմանը:
Ադրբեջանական բանակի զրահամեքենաների արդիականացման ծրագիրը ներդրվեց 2010-ականների սկզբներին: «Elbit Systems»-ը արդիականացրեց եւ համալրեց T-72 հին խորհրդային մոդելները, դրանք հագեցնելով զրահամեքենան եւ անձնակազմը պաշտպանող նոր միջոցներով եւ թիրախներին արագ ու ճշգրիտ հարվածելու եւ կրակի կառավարման համակարգերով: Արդիականացված զրահամեքենաները, որոնք հայտնի են «Aslan» (Առյուծ) անունով, ներկայացվեցին 2013 թ. ռազմական շքերթում:
Ադրբեջանի ռազմածովային ուժերը 2013 թվականին համալրվեցին վեց պարեկային նավերով, որոնք իսրայելական «Sa ar 4.5» դասի հրթիռային նավերի կրկնօրինակն են, իսրայելական նավաշինական գործարանների կողմից արտադրված եւ կրում են «Spike» հրթիռներ: Ադրբեջանի ռազմածովային ուժերը ձեռք են բերել նաեւ 100 «Lahat» հակատանկային հրթիռներ:
2014թ. Ադրբեջանը «IAI»-ին պատվիրեց առաջին 100 «Harop kamikadze» անօդաչու թռչող սարքերը, որոնք հետագա մարտերում շրջադարձային դեր խաղացին: Նույն տարվա ընթացքում Ադրբեջանը «IAI» դուստր ձեռնարկությունից՝ «Elta»-ից օդային նախազգուշացման եւ պաշտպանության երկու առաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգ ձեռք բերեց:
«Մենք ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգերը: Մեր բանակն ամենահզոր հրետանին ունի… Վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունն ու զինամթերքը հուշում են, որ մենք կարող ենք իրականացնել մեր առջեւ դրված ցանկացած խնդիր… Այնպես, ինչպես հաղթում ենք հայերին քաղաքական եւ տնտեսական ճակատներում, այդպես էլ պատրաստ ենք հաղթել նրանց մարտի դաշտում»,- այսպիսի հայտարարություններ էր անում Ալիեւը մարտի դաշտ կատարած այցելությունների ժամանակ, ինչպես նաեւ իր Թվիթերյան էջում:
Երկու տարի անց Ադրբեջանն «Elbit Systems»-ից գնեց եւս 250 «SkyStriker» կամիկաձե անօդաչու թռչող սարք: Մարտադաշտից բազմաթիվ տեսանյութերում երեւում է, թե ինչպես են իսրայելական անօդաչու թռչող սարքերը խոցում հայկական զինված ուժերին:
2016 թվականին վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ արդեն կնքվել են «պաշտպանական տեխնիկա» գնելու մոտ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր :
2017 թվականին Ադրբեջանը «Elbit Systems»-ից ձեռք բերեց «Hermes 900» ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, իսկ «IAI»-ից՝ «LORA» բալիստիկ հրթիռներ՝ 430 կիլոմետր հեռահարությամբ: 2018 թ.Ալիեւը Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մոտ 430 կմ հեռավորության վրա բացեց ռազմաբազա, որտեղ տեղակայված էին այդ «LORA» հրթիռները : 2020 թվականի պատերազմի ընթացքում առնվազն մեկ «LORA» հրթիռ է արձակվել, եւ, ըստ տեղեկությունների, այն հարվածել է կամրջին, որով Հայաստանը զենք եւ զինտեխնիկա էր մատակարարում Լեռնային Ղարաբաղում գտնվող իր ուժերին:
Ավելի առաջադեմ «Spike» հրթիռներ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է 2019 եւ 2020 թթ.: Իսրայելական զինատեսակների հետ մեկտեղ նաեւ Հայաստանի թշնամի Թուրքիան է իր դաշնակից Ադրբեջանին մատակարարել «Bayraktar TB2» անօդաչու սարքեր, որոնք ծանրակշիռ դեր խաղացին հայկական թիրախները ոչնչացնելու գործում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ԵՎ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
2022թ. հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցն այցելեց Ադրբեջան եւ հանդիպեց նախագահ Ալիեւին: Պաշտոնական հաղորդագրության մեջ Գանցը նշել էր, որ իր այցն առնչվում է անվտանգային եւ քաղաքական հարցերին, եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման նպատակ է հետապնդում: Այդ ժամանակ վարագույրի հետեւում մնաց փաստը, որ Գանցի այցից մեկ ամիս առաջ Իսրայելի պաշտպանական համակարգերի արտահանման տնօրենության (SIBAT)-ի ղեկավար Յաիր Կուլասն էր այցելել Ադրբեջան եւ հանդիպել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության պատասխանատու նախարարի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Իսրայելի պաշտպանական արդյունաբերության հետ բիզնեսի ընդլայնման հարցը: Շատ չանցած Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ շուտով առաջին անգամ դեսպանություն է բացելու Իսրայելում, դա անվանելով «պատմական քայլ» եւ հավելելով, որ «երկինքն է սահմանը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության»:
Այցից հետո սրվեց Ադրբեջանի եւ նրա հարեւան Իրանի միջեւ լարվածությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղից հասնող ինֆորմացիայի հիման վրա կարելի է պնդել, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կրկին հասել են լարվածության գագաթնակետին, եւ հնարավոր է՝ նոր դաժան բախումներն իրենց երկար սպասել չտան:
Մինչեւ այդ Օվդա ավիաբազայում վայրէջք կատարեց եւս յոթ ադրբեջանական ինքնաթիռ: Երկու ժամ անց, բարձելով անհրաժեշտ բեռը, նրանք վերադարձան Բաքու: