Հայկական կինոժառանգության վերականգնման գործում կինոկենտրոնը ինստիտուտ-լաբորատորիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում
Հայաստանում և աշխարհում հայկական կինոն պատշաճ ներկայացնելու, դրա հանրահռչակմանը նպաստելու գործում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը շատ է կարևորում ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը: Ըստ նրա՝ դա կարող են անել հենց հայ մասնագետները, պարզապես համապատասխան միջավայր ու պայմաններ են հարկավոր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միրզախանյանն ընդգծեց՝ ունենք հսկայական կինոժառանգություն, սակայն բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր վատ վիճակում են:
Նրա խոսքով՝ ֆիլմերի վերականգնումը պահանջում է մեծ աշխատանք և տեխնիկական հնարավորություններ:
«Հարյուր տարի առաջ Խորհրդային Հայաստանի կառավարությունը պետկինոյի ստեղծման մասին դեկրետ է ընդունել: Այդ ծանր տարիներին, երբ սով էր, երկիրը կիսաքանդ էր, նման որոշում կայացվեց և փոքր գումարով հիմք դրվեց պետական մակարդակով հայկական կինոյի ֆինանսավորմանը: Հարյուր տարվա ընթացքում բազմաթիվ ու բազմաժանր ֆիլմեր են ստեղծվել: Այդ ժապավենները շատ վատ վիճակում են, վտանգված են: Անհրաժեշտ է գոնե հարյուր տարի անց նույն պետական միջոցների շնորհիվ ստեղծել ինստիտուտ-լաբորատորիա՝ վերականգնելու, պահպանելու արխիվը, նոր ձևաչափերով ու տեխնոլոգիաներով ֆիլմերը ներկայացնելու համար»,-շեշտեց նա:
Միրզախանյանը փաստեց՝ երբ ասում ենք հայկական ձեռագրեր, պատկերացնում ենք Մատենադարանը, որտեղ մեր գանձերը վերականգնում են, պահպանում ու ներկայացնում սերունդներին: Նույն մոտեցումն անհրաժեշտ է նաև կինոյի բնագավառում:
Ըստ նրա՝ նման կառույցի առկայության պարագայում հնարավոր կլինի փրկել կինոժառանգությունը: «Մենք պարտավոր ենք դա անել մեր հետագա սերունդներին նորմալ վիճակով ժապավեններ թողնեու համար: Հուսամ՝ դրան կհասնենք, քանի որ արդեն դիմել ենք համապատասխան մարմիններին. ծրագիրն արդեն մշակել ենք: Հավատացեք՝ այդ լաբորատորիան անհրաժեշտ է ոչ միայն կինոյի համար: Հայաստանում կան թանգարաններ, որոնք ունեն տարբեր նյութեր. դրանք ևս պահպանման կարիք ունեն: Նման ինստիտուտ-լաբորատորիան կարող է առաջինը լինել տարածաշրջանում իր տեխնիկական հագեցվածությամբ: Այդ պարագայում մեզ կարող են դիմել նաև այլ երկրներից: Նոր աշխատատեղեր կստեղծվեն, երիտասարդ մասնագետները կներգրավվեն վերականգնման գործընթացներում»,-համոզմունք հայտնեց Շուշանիկ Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ երիտասարդներն իսկապես հետաքրքրված են այդ ամենով: Նրանց հնարավոր է նաև գործուղել արտերկիր՝ հմտությունները զարգացնելու, այնուհետև դրանք Հայաստանում կիրառելու համար:
Անժելա Համբարձումյան