«Յուրաքանչյուր վայրկյան զգույշ ենք, վտանգի առաջ կանգնած ենք, չգիտենք՝ որ րոպեին կկրակի». Վերին Շորժայի գյուղապետ
Երեկ՝ մարտի 9-ին, Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ ժամը 17:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ կրակոցների օրը հիվանդանոցում է եղել, զանգահարել է գյուղ, բնակիչներն ասել են, որ կրակոցների ձայները չեն լսել, սակայն գյուղի տղամարդկանց մի մասն ասել է, որ լսել են։
«Հիմա մեզ մոտ խորը ձմեռ է, ձյուն, ձնաբուք, բայց որ գարունը բացվի, ես չգիտեմ՝ ինչ պիտի սպասենք, ոչ մեկս չգիտի։ Մենք այս հարցի պատասխանը չգիտենք, չգիտենք՝ նա ակտիվանալո՞ւ է, թե՞ չէ։ Ամեն դեպքում յուրաքանչյուր վայրկյան մենք զգույշ ենք, թշնամու, վտանգի առաջ կանգնած ենք, չգիտենք՝ որ րոպեին կկրակի, կհարձակվի կամ ինչ կանի»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Վերին Շորժայի գյուղապետը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին։
«Ի՞նչ խաղաղության մասին են խոսում, հաշվեք, թե ամեն ընտանիքում քանի զոհ կա, դրանից հետո խաղաղություն կլինի՞։ Հիմա մարդուն մի թթու բառ ես ասում, մարդը մինչև կյանքի վերջ այդ բառը չի մոռանում ու մտածում է՝ ինչպես համարժեք պատասխան տա։ Իրենց ասած խաղաղությունը գուցե աննամուս մարդկանց մոտ ստացվի»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։