Բաժիններ՝

Հնագետը հույս ունի, որ Մեծամորի դամբարանադաշտում ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ կամ որևէ կառույց են գտնելու

Շուրջ տասը տարի հայ-լեհական արշավախումբը պեղումներ է իրականացնում Մեծամորում և հայտնաբերում արժեքավոր նյութեր, կառույցներ, դամբարաններ ու անգամ քաղաք, որոնք խոսում են Մեծամորի հարուստ պատմության, պատմական հաջորդականության ու նշանակության մասին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է՝ եղանակի պատճառով արշավախումբը դադարեցրել է աշխատանքները, սակայն մայիսի կեսերին լեհ գործընկերները կժամանեն Հայաստան, որպեսզի աշխատեն պեղված նյութի վրա, և, ի մի բերելով արդյունքները, փորձեն պատրաստել հուշարձանին վերաբերող ուսումնասիրությունների առաջին հատորը:

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ են արել: «Քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական շրջանի կառույց՝ յոթից ավելի սյուների խարիսխներով: Հավանաբար դա սյունազարդ սրահ է կամ տնտեսական նշանակության կառույց, քանի որ կից հատվածներում սալահատակ կա, ինչը նշանակում է, որ կենդանիներ են այդտեղ կապել: Պեղումները դեռ շարունակվում են: Հույս ունենք, որ կառույցի ինչ-որ հատվածներ կբացենք»,-նշում է նա ու հավելում, որ 2023-ին լեհական կողմը պեղումների գործընթացին չի մասնակցի. կենտրոնանալու է՝ արդեն հայտնաբերված նյութերի ուսումնասիրման վրա:

Արշավախումբը հուշարձանի դամբարանադաշտում ևս պեղումներ է կատարելու: Փիլիպոսյանը կարծում է՝ ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ կամ որևէ կառույց են գտնելու: «Չգիտեմ ամբողջությամբ կավարտենք, թե ոչ, որովհետև երբեմն դամբարանները շատ մեծ են, սակայն աշխատանքներ այդ տարածքում անպայման ծավալելու ենք: Մեծամորը շատ հետաքրքիր ու նոր նյութեր ունի»,-շեշտում է արշավախմբի համաղեկավարը:

Անդրադառնալով գանձագողությանը՝ Աշոտ Փիլիպոսյանը փաստում է՝ Մեծամորում նման բան չի եղել: Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հուշարձանի շերտին հասնելու համար առնվազն երեք մետր պետք է իջնել գետնի մեջ, նաև ցեխի ու խոնավության խնդիր կա: Փիլիպոսյանը կարևորում է այն, որ բնակչությունը ևս գիտակից է:

«Այլ հուշարձանների պարագայում նման երևույթներ կան, ինչը գալիս է բնակչության քիչ իրազեկված լինելուց կամ այն գաղափարից, թե ամեն տեղ, եթե պեղես ոսկի է դուրս գալու: Հայաստանի հուշարձաններում ոսկին այդքան էլ շատ չէ, և մեր նախնիները ևս հասկացել են և՛ ոսկու արժեքը, և՛ դրանք ստանալու բաց եղանակը: Ակնկալել, որ ամեն տեղ պեղումների արդյունքում ոսկի է հայտնաբերվելու, ծիծաղելի է»,-ընդգծում է մասնագետը:

Նախատեսում են հոկտեմբերին հուշարձանի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն բացել, որտեղ կներկայացնեն երկու կամ երեք տարվա պեղումների արդյունքները: Հենց այդ ժամանակ էլ կխոսեն դրանց դերի, նշանակության ու արշավախմբի առաջիկա ծրագրերի մասին:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս