«Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստը սահմանափակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով: Օրակարգում ներառված բոլոր հարցերը որոշեցին քննարկել առանց զեկուցման, հանրության համար ոչ հրապարակային նիստում: Իսկ նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ինչի հետևանքով 3 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել:
«3 ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում, մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում:
Նախորդ կիրակի օրն Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից «ՈւԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը՝ վիրավորվել:
Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին, ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին, իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը:
Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ:
Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:
Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխաներ ունեցող 3 քաղաքացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում.
«Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է: Այս առումով պետք է ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակել խոսակցությունը Ադրբեջանի հետ, և սա չափազանց կարևոր հայտարարություն է: Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները՝ ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր էր: Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել՝ որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց 2 պատճառով: Նախ՝ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը գնում էր ոչ թե Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդ՝ Ադրբեջանի հարձակումը և նաև «ՈՒԱԶ» մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում, բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել:
Ադրբեջանի հաջորդ նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է: Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար: Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում վերահաստատել Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում