«Վաղը նույն վիճակը սրանք ստեղծելու են Սյունիքի շուրջ. մեզ մեկ ճանապարհ է մնում». Մանվել Եղիազարյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում  ասել է, որ Ադրբեջանն Արցախին է փոխանցել իր պահանջները՝ կամ պետք է ընդունեն ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ քայլեր։

168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ դժբախտաբար ՀՀ առաջին իշխանությունները փորձում էին այն ժամանակ էլ ինտեգրացիոն քաղաքականություն տանել, հաշտեցնել։

«ՀՀ առաջին իշխանությունն ուզում էր Արցախը հանձնել, հայ ժողովրդի ողնաշարը ջարդել, այսպիսի մի հիմարություն էին առաջ քաշում, թե մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է։ Առաջին իշխանությունն այս հիմարությունը շրջանառության մեջ դրեց։ Սա նշանակում է, որ այսօրվա օրը նրանք ցանկանում էին 90-ականներին իրագործել, ինչը չստացվեց։ Հիմա սրանք են իրագործում, քանի որ սրանց թաթը բռնող չկա»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ըստ նրա, այսօր Արցախն այսպիսի վիճակում է հայտնվել և չի կարողանում դուրս գալ, քանի որ 10 հայ չեն կարողանում իրար կողք կողքի կանգնել ու հարց լուծել, դուրս գալ փողոց ու ասել իշխանություններին՝ այս ի՞նչ եք անում։

Կարդացեք նաև

«Չեն կարողանում ասել, որ պետություն ենք կորցնում, տան սյուներն են խարխլում ու ամենակարևորը՝ մեր պատիվն ենք կորցնում։ Եթե այս ինտեգրացիոն գործընթացը լինի, ապա արցախահայությունն աննամուսի նման է ապրելու ու մի քանի տարի հետո այլևս չի կարողանալու ապրել այնտեղ։

Վաղը նույն վիճակը սրանք ստեղծելու են Սյունիքի շուրջ, մեզ մեկ ճանապարհ է մնում՝ հեռացնել այս իշխանություններին։ Հայերը միայն խոսում են, փիլիսոփայում, ցույց տալիս, թե ամեն ինչ գիտեն, ամեն ինչի մասին խոսում են, բայց ճշմարիտը երբեք չեն ասում։ Անկախության 35 տարվա ընթացքում ինչ ցանել էինք, այն էլ հնձում ենք»,- շեշտեց ազատամարտիկը։

Հարցին՝ ի՞նչ ճանապարհով պետք է հեռացնել օրվա իշխանությանը, քանի որ նրանք մշտապես հայտարարում են, որ լեգիտիմ ճանապարհով են ընտրվել և ստացել են ժողովրդի ձայնը, Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ եթե իշխանությունն ընտրություններում ստացել է 25-30 տոկոս ձայն, ապա դա չի նշանակում, որ հայ ժողովրդի կողմից ընտրված են։

«Իշխանությանը ձայն է տվել 600.000 մարդ, կարծես թե մենք բոլորս գրագետ ենք, բայց ընտրություններում անգրագետ ենք պահել։ Սրանց ձայն տվեցին այն մարդիկ, որոնք ատում էին նախորդ իշխանություններին։ Կներեք արտահայտությանս համար, բայց մենք անորակ հասարակություն ունենք, և մեր հասարակության դեմքն այսօրվա իշխանությունն է, և դա հայ ժողովուրդը չէ։ Գիտե՞ք՝ այսօրվա վիճակի համար քանի մարդ է տառապում, գլուխները կախ ման գալիս, կաթված են ստանում։ Բայց սրանք անում են այն, ինչ ծրագրել է ՀՀ առաջին իշխանությունը»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս