Վրաստանում 7,2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում
Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է տնտեսական աճի եռամսյակային կանխատեսումը։ Գրասենյակի գնահատմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճի տեմպը կլինի դրական և կկազմի 7,2 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ակնկալվող աճը պայմանավորված է նախորդ տարի բարելավված տնտեսական իրավիճակի պահպանմամբ։ Թեև 2022 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի բազային արդյունքը բարձր է եղել (2022 թվականի առաջին եռամսյակում տնտեսությունն աճել է 15,0 տոկոսով), տնտեսական իրավիճակը շարունակում է բարելավվել։
Նշենք, որ տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանվել են 2022 թվականի 4-րդ եռամսյակում։ Մասնավորապես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, 2022 թվականի 4-րդ եռամսյակում միջին իրական աճը որոշվել է 9,5 տոկոս։
Բյուջետային գրասենյակի 2023 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի կանխատեսումը հիմնված է այն ենթադրությունների վրա, որ 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ.
- զբոսաշրջության ծավալը կավելանա մոտ 2,9 անգամ (մոտ 1,1 անգամ ավելի 2019 թվականի առաջին եռամսյակի նախահամաճարակային ցուցանիշից)։ Միաժամանակ կավելանա նաև երկրից մեկնող այցելուների թիվը,
- զբոսաշրջության արտահանման զգալի աճին զուգընթաց կշարունակի պահպանվել ներքին զբոսաշրջային ակտիվությունը,
- կավելանան ինչպես մասնավոր սպառման, այնպես էլ ներդրումների ծավալները, ինչը կհանգեցնի ընդհանուր սպառման ու ներդրումների աճին և տնտեսական ակտիվության նշված դրական տեմպերին,
- ծառայությունների առևտրի կտրուկ աճին զուգահեռ սպասվում է նաև ապրանքաշրջանառության զգալի աճ,
- կառավարության ներդրումային գործունեության աճին զուգահեռ՝ սպառման և մասնավոր ներդրումների ավելացման հետ մեկտեղ, ակնկալվում է, որ ներմուծվող ապրանքների քանակը զգալիորեն կավելանա,
- համաշխարհային տնտեսության վերականգնման ֆոնին ակնկալվում է, որ կաճի արտահանման պահանջարկը, և, համապատասխանաբար, կավելանան նաև ապրանքների արտահանման ծավալները։
Հետազոտության համաձայն, նշված ենթադրությունների քանակական գնահատման արդյունքում ակնկալվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ներմուծման ծավալն արտահանումից ավելի շատ կաճի, իսկ զուտ արտահանման բաղադրիչը կորոշի տնտեսական ակտիվության փոփոխությունը -1.4 տոկոսով, մինչդեռ կլանման բաղադրիչը (սպառման և ներդրումների հանրագումարը) զգալիորեն կաճի և կառաջացնի ՀՆԱ-ի փոփոխություն 8,6 տոկոսային կետով:
«Բյուջետային գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակի տնտեսական աճի գնահատմամբ, զուտ արտահանումը որոշվել է 11,9 տոկոսային կետով, իսկ կլանման բաղադրիչը՝ -2,4 տոկոսային կետով»,- նշված է փաստաթղթում։