Բաժիններ՝

Պահանջում եմ՝ ճիշտ կառավարվեն ծախսերը, հետո նոր հարկեր պահանջեն. գործարարը՝ հարկային նոր բեռի մասին

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի ավագանու որոշմանը, ըստ որի՝ հունվարի 1-ից  125 տոկոսով թանկացել է արտաքին գովազդի տուրքը

«Հասկանո՞ւմ ես Կառլ, բազմապատկած 2,25-ով, ուղղակի, այդպես է ուզել չինովնիկը, առանց հիմնավորելու իր այդ քմահաճույքը։ Իսկ գիտե՞ս, թե ով է վճարելու այդ գումարը։ Կասես բիզնե՞սը, ոչ, գժո՛ւկ, հենց դու ես վճարելու, քո աշխատավարձից ու թոշակից։ Գիտե՞ս ինչու, որովհետև բիզնեսը այդ գումարը կարող է հայթայթել միայն ու միայն քեզանից,- գրել էր գործարարը և հավելել,- ՀԳ. մի հատ նորից ճշտենք հա՞, դուք եկել էիք ժողովրդին փրկելու, ազատելու չէ՞։ Դուք պնդում էիք, որ թալանի պատճառով հարկերը կորչում են, փաստացի, եթե չթալանվի, պետք է ոչ միայն բավականացնեին, այլև ավելցուկ ունենայինք։ Ձեր գալուց հետո, հարկերն ու տուրքերը անգամներով են աճում՝ համատարած։ Թալանո՞ւմ եք, ապեր»:

168.am-ի հետ զրույցում գործարարը մանրամասնեց՝ որոշման մասին տեղեկացել է հեռախոսազանգով. թաղապետարանից են փոխանցել տուրքի բարձրացման մասին լուրը:

«Սա ևս հարկային բեռ է, որը դրվում է բիզնեսի վրա, իսկ մանր ու միջին բիզնեսի համար սա լուրջ բեռ է: Այդ գումարը բիզնեսմենը ժառանգությունով չի ստանում, գրանտներով չի ստանում, բիզնեսմենն այդ գումարը  ստանում է գնորդից: Այսինքն՝ այդ գումարն էլի վճարելու է քաղաքացին,- նշեց Սամսոն Գրիգորյանը, ապա անդրադառնալով հնչող տեսակետներին, թե դա մեծ գումար չէ, մեծ թիվ չէ՝ հավելեց,- Թող պետական պաշտոնյան չորոշի՝ որ թիվն է մեծ տնտեսվարողի համար, թե ամսական 5000 դրամը տնտեսվարողի համար որքան լուրջ հարց կլուծի՝  մանավանդ, եթե նկատի ունենք մանր ու միջին բիզնեսը, կամ՝ թե քաղաքացին իր գումարը որտեղ ավելի ճիշտ կծախսի»:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր պետությունը ծախսերի էֆեկտիվ կառավարման խնդիր ունի:

«Ես առաջին հերթին պահանջում եմ, որ ճիշտ կառավարվեն ծախսերը, հետո նոր հարկեր պահանջեն»,- ամփոփեց նա:

Ի դեպ, Երևան համայնքում տեղական տուրքերի նոր դրույքաչափերը սահմանվել են 2022 թ. դեկտեմբերի 27-ի ավագանու որոշմամբ. որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս