«Պետական հատվածում աշխատողների նկատմամբ կան ճնշումներ». Արտակ Գևորգյան
Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում անցկացվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից և ոչ մեկը չէր հատել 50 տոկոսի շեմը, նշված համայնքների ավագանու կազմում էլ ընդգրկված ուժերը կոալիցիա չէին կարողացել ձևավորել։
Անի խոշորացված համայնքի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Արման Սարիբեկյանին, ով փոխարինել է 15 տարուց ավելի գործող համայնքապետ Արտակ Գևորգյանին։
168.am-ը Արտակ Գևորգյանից հետաքրքրվեց՝ համայնքապետի ժ/պ-ն իշխող թիմից է, այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։
«Մեր դիրքերն ու շանսերը բավականին բարձր են, մենք որևէ կորուստ չունենք, թիմն իր գաղափարի շուրջ համախմբված է։ Ես իմ ժողովրդին շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ իրար կողք կողքի ենք եղել և այժմ էլ այդպես շարունակում ենք։ Նրանց քվեն մեզ տվել է վստահություն, որը, բնականաբար, աշխատում ենք չչարաշահել։ Գտնվելով մեր համեստ դիրքերում ու ընտրած մարտավարության մեջ, փորձում ենք այսօր իրականացնել մեր քարոզարշավը, ներկայացնել ծրագրերն ու հասնել հաղթանակի, որպեսզի ի վերջո համայնքը չտուժի»,- շեշտեց նա։
Հարցերին՝ ի՞նչ հարաբերություններ ունի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, և մտավախություն չկա՞, որ նա ընտրություններում կարող է կիրառել վարչական ռեսուրս, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Հավատացեք, դա որևէ բան ինձ մոտ չի փոխում, նրա հետ կապված որևէ հարց ինձ էապես չի հետաքրքրում։ Բնականաբար, բռնություններ կիրառվում են մարդկանց, պետական հատվածում աշխատողների նկատմամբ, կան ճնշումներ, դա կարծես թե գոյություն ունեցող փաստ է։ Բայց ընտրողները կընտրեն, չընտրողներն էլ՝ չեն ընտրի։ Կարծում եմ՝ հաստատակամ ու սկզբունք ունեցող մարդու վրա այս ամենը որևէ կերպ չի ազդում։ Մենք խոսում ենք, թե ընտրություններն ազատ են, ընտրողն իր ձայնի տերն է, որևէ մեկը որևէ մեկին չի կարող պարտադրել, բայց փաստացի այդ ամենը պարզ ու հստակ ակնհայտ երևում է, և այդ ամենի մասին բոլորն են բարձրաձայնում։ Մենք բոլոր իրավիճակներին տիրապետում ենք, գիտենք, սակայն այդ ամենին վերաբերվում ենք ավելի հանգիստ, ամուր ենք, և տվյալ մարդը բռնությունների ու ճնշման տակ իրեն ավելի պարտավորված է զգում, իր քվեն ավելի վստահելի ձևով կտա իր նախընտրած մարդուն։ Պարզ հասկանալով, որ եթե այսօր այդ աթոռը զբաղեցնելը ժամանակավոր է, և կառավարումը նման մեթոդներով է լինում, հետագայում շատ ավելի դժվար է լինելու։ Դրանով իրենք վնասում են իրենց, ոչ թե ինձ, այդ դեպքում ես ավելի շատ եմ ինքնավստահություն ձեռք բերում»,- շեշտեց Արտակ Գևորգյանը։
Հաջորդ հարցին, որ եթե այս ընտրություններում ևս չհաղթահարեն 50 տոկոսի շեմը, կրկի՞ն կոալիցիա չեն կազմի, Արտակ Գևորգյանը պատասխանեց, որ այս ամենը քաղաքական գործընթաց է, բայց կարծում է, որ այս անգամ ավելի շատ քվե են ստանալու:
«Կարծում եմ՝ ոչ թե 50-ի շեմն ենք հաղթահարելու, այլ ավելի բարձր շեմ ենք ապահովելու, ինչը բերելու է նրան, որ ունենալու ենք ժողովրդի վստահությամբ ընտրված տեղական իշխանություն, որը ծառայելու է երկրին ու ժողովրդին»,- եզրափակեց Արտակ Գևորգյանը։