«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ կան, հունվարի 1-ից առ այսօր արձանագրվել է 324 դեպք, 45-ը՝ սինթետիկ թմրանյութեր». Վահե Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ թմրանյութերի շրջանառության ծավալներին, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացվում դրանց կանխարգելման համար.

«Կցանկանայի ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարցի անդրադառնալ, խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների և քիմիական կախվածություն ունեցող անձանց թվի աճի մասին է: Ակնհայտ է, որ ավանդական միջոցներով սրա դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ թմրանյութերի տարածումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Միայն 2020 թվականի համեմատ 2023 թվականին շուրջ 4 անգամ ավելացել են թմրանյութերի «օնլայն շոփերը»՝ հասնելով մի քանի հազարի, ինչը մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

Արդյոք մեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները տեխնիկապես վերազինվա՞ծ են, արդյոք այդ ստորաբաժանման աշխատակիցները տիրապետո՞ւմ են ժամանակակից գործիքներին, որոշակի պարբերականությամբ վերապատրաստումներ անցնո՞ւմ են, թե՞ ոչ»:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ոստիկանությունն աշխատանքներ է կատարում:

Կարդացեք նաև

«2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման դեպք, 150-ը ՝ պահելու: Նշված դեպքերից մոտ 45-ը սինթետիկ թմրանյութեր են: Իրոք մտահոգիչ է, վստահ եմ, որ կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ, այդ իսկ պատճառով 2023 թվականը ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի:

Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարության ծրագիր՝ թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Արդեն սկսել ենք բացատրական աշխատանքներ կատարել անչափահասների և երիտասարդների շրջանակում, նախատեսում ենք նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որին նաև կներգրավվեն վարժեցված հատուկ շներ, նաև ակնկալում ենք հանրության աջակցությունն այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է համացանցին, գիտենք, որ այսօր ամենատարածվածը համացանցի միջոցով է: 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին, նշեմ, որ բավականին արդյունավետ աշխատանք ծավալվեց և ունեցանք բավականին լավ արդյունք: 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք, բոլորիս հայտնի «տելեգրամ կանալով»: Նախատեսում ենք ավելի ընդլայնել այդ բաժինը և սարքենք վարչություն: Ուզում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ և տարվա վերջ կունենանք բավական դրական արդյունքներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս