Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցողը Արցախի ԱԽՔ Սամվել Շահրամանյանն է
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանն է:
«Արցախպրես» լրատվական գործակալությանն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը, այլ նաև Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Այս առնչությամբ Արցախի մեր աղբյուրը հայտնեց, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն ձեռք չեն բերել.
«Այս պահի դրությամբ դեռևս որևէ բան չկա, ընդամենն Արցախի կողմից կա պատրաստակամություն, որ, եթե դա օգնելու է խնդրի հաղթահարմանը, պատրաստ ենք ինչ-որ բաների գնալ, որպեսզի փոխզիջումային տարբերակով խնդիրը լուծվի, բայց ո՞նց, ի՞նչ, ե՞րբ, այդ մասին դեռևս որևէ պայմանավորվածություն չկա»:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Ադրբեջանի ներկայացուցիչը և բանակցող խմբի համակարգողը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովն է, որն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում: