Դրախտն Աստծու երեսը հավերժ տեսնելն է
– Աստվածային սերը մղում է քեզ փախչելու հեռո՜ւ-հեռո՜ւ՝ քարանձավներն ու ձորերը,- խոստովանեց հայր Պորֆիրիոսը․․․․
Սրբերն ու նահատակները, իրենց ուղին սկսելով այդ խենթությունից, կանգ չէին առնում ոչ մի բանի առջև, նահատակության էին շտապում ուրախությամբ ու ոգևորությամբ։ Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է։ Ով շատ է սիրում, շատ է տալիս։ Իսկ ով շատ ուժգին է սիրում, ի՞նչ կարող է տալ հավասարազոր. նա ինքն իրեն է տալիս։
Քրիստոսի հանդեպ այդ սիրո պատճառով սրբերը չէին զգում չարչարանքների ցավը, որքան էլ որ դրանք դաժան լինեին։ Հիշե՛ք երեք մանուկներին հնոցում։ Հիշե՛ք սուրբ Դիմիտրիոսին, սուրբ Գևորգին, սուրբ Եկատերինային, սուրբ Վարվառային, սուրբ Պարասկևային, քառասուն նահատակներին սառցե լճում։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը՝ վկաների այսչափ բազմություն (Եբր․ 12։1)։
Այս բոլոր սրբերն ու նահատակներն ինչպես այստեղ՝ երկրի վրա, այնպես էլ և նույնիսկ առավել այժմ երկնքում են օրհնում ու փառաբանում Տիրոջը։ Նրանք դրախտում են և տեսնում են Աստծու երեսը «դեմառդեմ» (Ա Կորնթ․ 13։12)․․․․
Դրախտն Աստծու երեսը հավերժ տեսնելն է։ Դա վեր է ծաղիկներից, էկզոտիկ թռչուններից, քչքչան առվակներից, վարդերից ու այն ողջ գեղեցկությունից, որ կա երկրի վրա։ Վեր է այդ փոքր սիրուց։
Երբ սիրում ես Քրիստոսին, չնայած քո բոլոր տկարություններին ու դրանք զգալուն, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև գտնվում ես Քրիստոսի սիրո հաղորդակցության մեջ։ Ես էլ եմ ճգնում այդ ուղղությամբ, թող Աստված ողորմի ինձ։ Դրան հասնելու համար տքնում եմ օր ու գիշեր։ Հենց այդպես է, որ կա․ երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ ուզում ես տառապել հանուն Նրա․․․․
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը