«Անհնարին է լինել հաջողակ դիվանագիտության մեջ՝ չունենալով ամուր բանակ, ամուր տնտեսություն, ամուր հասարակություն». Կարեն Միրզոյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն Արցախի հիմնահարցի կարգավորման համատեքստում ներկայացրեց մի քանի վտանգավոր դրույթ, շեշտելով, որ այսօր դրանց դեմ պետք է պայքարել.
«Համար մեկ դրույթն այն է, որ արցախյան հիմնահարցն ինչ-որ մի առանձին բան է և որևէ առնչություն չունի այսօրվա Հայաստանի հիմնահարցերի, հիմնախնդիրների, նրա ապագայի հետ: Այդ տեսությունը, որը մեզ հրամցվում է, որ՝ եկեք բավարարվենք 29.000 քառակուսի կիլոմետրով, և ամեն ինչ լավ կինի, մենք կապրենք երջանիկ և բարեկեցիկ կյանքով: Եթե չեմ սխալվում՝ ներկայիս վարչապետը նույնիսկ արցախյան շարժմանը նվիրված իր ելույթում հենց դա հռչակեց արցախյան շարժման նպատակ, կարևորագույն նպատակ՝ ապրել բարեկեցիկ կյանքով: Այդ առումով, կարծում եմ, որ պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի այդ վտանգավոր թեզը, որ Արցախն ու Հայաստանը տարբեր են, կոտրվի: Արցախն ու Հայաստանը տարբեր չեն, Արցախի հիմնահարցը դա Հայաստանի հիմնահարցն է, չի կարող լինել բարեկեցիկ և ընդհանրապես Հայաստան, եթե չի լուծվել Արցախի հիմնահարցը, լուծվելու է այնպես, ինչպես դա համապատասխանում է մեր ազգային շահերին: Արցախի հիմնահարցի կարգավորման հիմքում եղել է, կա ու պետք է լինի մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում՝ առանց որևէ սահմանափակման»:
Հաջորդ վտանգավոր դրույթն ըստ Միրզոյանի՝ այն է, որ Արցախի հիմնահարցի կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտական ջանքերով:
«Դա շատ վտանգավոր և ոչ իրատեսական մոտեցում է: Ժամանակակից աշխարհի զարգացումները մեզ բերում են այնպիսի մի վիճակի, որ ավանդական դիվանագիտությունն իրեն սպառել է, և պատահական չէ, որ այսօր հարցի մասնագետները խոսում են դիվանագիտության բազմազանության մասին, որ այն ավանդական դիվանագիտությունը, որին մենք սովոր ենք, կտրուկ փոխվել է: Հակառակը, այսօր դիվանագիտությունն իր մեջ ընդգրկում է ոչ միայն դիվանագետների աշխատանք, այլև մի շարք այլ հանգամանքներ, և այսօր այդ հանգամանքների ազդեցությունը հարցի լուծման վրա, կարծում եմ՝ ավելի մեծ է, քան թե դիվանագետների աշխատանքը:
Անհնարին է հասնել որևէ հարցի կարգավորման սոսկ դիվանագիտական միջոցներով, անհնարին է լինել հաջողակ դիվանագիտության մեջ՝ չունենալով ամուր բանակ, ամուր տնտեսություն, ամուր հասարակություն: Առանց այդ 3 գործոնի՝ ցանկացած դիվանագետ ուղղակի դատապարտված է տապալման…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում