«Ժամանակին Նախիջևանը տվեցին Ադրբեջանին, այսօր էլ նույն սցենարն է, եթե հայրենիքի տերը ոտքի կանգնած չէ, հայրենիք չի լինելու». Անդրեյ Պետրոսյան
Արցախի Հանրապետության անկախության և ինքնորոշման իրավունքի համար ավագ սերնդի կողմից մղվող պայքարը 35 տարի հետո շարունակում է ավելի երիտասարդ սերունդը, այնքան, մինչև հարցը ստանա վերջնական լուծում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմաբան Անդրեյ Պետրոսյանն ասաց, որ բազմիցս է իր ուսանողներին ասել, որ նրանց ուսերին շատ բարդ հարց են թողնելու, որը պետք է լուծեն։
«Այն, ինչը մենք արել ենք 90-ականներին, չի եղել միայն Արցախի պատերազմ, այլ եղել է համահայկական ազգային պատերազմ։ Մեր այսօրվա վատ վիճակը պայմանավորված է մեզանով, մեղավորը մենք ենք։ Այն հրաշք հաղթանակից հետո, որն ամբողջ ազգը համախմբեց, միավորեց ու տվեց փառավոր հաղթանակ, մենք չկողմնորոշվեցինք, թե ինչ պետք է անենք։ Սա էլ դարձավ մեր հետագա անհաջողությունների պատճառը։
Միայն զենքով հաղթանակ չի լինում, հավատով է լինում, մեր հայրենական պատերազմում տարած հաղթանակի գրավականը հենց այն է եղել, որ ոգի կար, ոգին է հաղթել։ Այն ժամանակ մենք որևէ զենք չունեինք, բայց հաղթեցինք, որովհետև ոգի ունեինք, նվիրում ու նպատակ ունեինք, ցավով եմ ասում, բայց այսօր ոչ մի նպատակ չկա։
Կներեք, ես մի անձնական օրինակ պետք է բերեմ՝ ինսուլտ եմ տարել զուտ նրա համար, որ տեսնում էի՝ իրական կյանքն ու այն, ինչ պետք է անեինք, իրար չէին համապատասխանում։ Այս ամենը ես չեմ հասկանում, այսինքն՝ ես հասկանում եմ, բայց իմ ժողովուրդը չի հասկանում»,- նշեց Անդրեյ Պետրոսյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում երկար խոսել չի սիրում՝ համարելով, որ խոսելը խոսքահերթ է, մեջը բան չկա։ Ամեն մեկը գեղեցիկ ու շիտակ խոսում է, բայց ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է։
«Պետք է գործել, և մենք պետք է բարգավաճ տարածք ունենանք։ Ղարաբաղցին ասում է՝ որտեղ երկու հայ, այնտեղ վայ, նկատի ունենալով Հայաստանին ու Ղարաբաղին։ Բայց այսօր մենք իրար ի՞նչ վատ բան ենք արել, որ չենք ուզում իրար հետ խոսել, քաղաքական դաշտում չենք ուզում խոսել, երկու եղբայրներն իրար ի՞նչ վատ բան են արել, ես դա չեմ կարողանում հասկանալ»,- նշեց Անդրեյ Պետրոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ պատերազմի թոհ ու բոհով անցած մարդուց չպետք է այլևս որևէ բան պահանջել, քանի որ պատերազմում նա իր լուման ներդնելով՝ ինքնասպառվել է։
«Պատերազմ անցած մարդն ինքնասպառվում է։ Դրա համար այսօր սերունդները պետք է դաստիարակվեն, ոչ թե իմիջիայլոց խոսակցություններ լսեն։ Ավագ սերունդն իր հերոսությունը կատարել է, այսօր հերթը նոր սերնդինն է։ Ես իմ ուսանողին միշտ էլ ասում եմ, որ քո ուսերին այնպիսի բեռ է դրված, որի տակից այդքան էլ հեշտ չէ դուրս գալը։ Շատերը չեն հասկանում, թե դա ինչ է, բայց դա մեծ ու անտանելի բեռ է, և իրենք պետք է որոշեն այդ հարցը։
Այդուհանդերձ՝ հայությունն արդեն որոշել է Արցախի հարցը՝ ինքնորոշվել է։ Ժամանակին Նախիջևանը տվեցին Ադրբեջանին, այսօր էլ նույն սցենարն է, պատկերը նույնն է, բայց ինչո՞ւ մենք մեր տարածքը, հողը տանք ուրիշին։ Մեր տարածքների տերը մենք ենք, դրա համար էլ այսօրվա սերունդը պետք է իր տարածքի նվիրյալը լինի, միայն այդ դեպքում կարող ենք հաջողության մասին խոսել։ Եթե տեր կանգնի իր երկրին ու հողին, ապա այս երկիրը լինելու է բարգավաճ երկիր։ Եթե հայրենիքի տերը ոտքի կանգնած չէ, ապա հայրենիք չի լինելու։ Ես այստեղ եմ ծնվել, այս երկրի քաղաքացին եմ և այստեղ էլ մնալու եմ»,- եզրափակեց Անդրեյ Պետրոսյանը։